Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն անարդյունավետ ծախսեր է կատարում․ Բագրատյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, ըստ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ անարդյունավետ ծախսեր է կատարում։
ԱԺ-ում «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ընթացքում Սերգեյ Բարգրատյանը որոշ թվեր ներկայացրեց, որոնք, ըստ նրա, անարդյուավետության մասին են վկայում։
«Այս կառույցն աշխատում է 10 տարի, ամեն տարի 64 մլն դրամ միայն վճարում է վարձակալության համար։ Այսինքն՝ 10 տարում վարձակալության համար 640 մլն դրամ է վճարել։ Միայն անցյալ տարի գործուղումների համար 45 մլն դրամ է դուրս գրվել, 10 տարվա ընթացքում միջին թիվը կկազմի 400 մլն դրամ։ Իմ կարծիքով այս գրասենյակը անարդյունավետ ծախս է կատարել»,- նշեց Սերգեյ Բագրատյանը։
Պատգամավորը նկատեց, թե հաշտարարի գրասենյակն արդյո՞ք արդյունավետ կիրականացնի քաղաքացիների ու իրավաբանական անձանց շահերի պաշտպանությունը։
Նշենք, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է հաշտարարի գրասենյակ բողոքներ ներկայացնողների շրջանակն ընդլայնել։ Գործող օրենքի համաձայն՝ ֆինանսական կազմակերպությունների դեմ հաշտարարի գրասենյակ բողոքներ կարող են բերել միայն ֆիզիկական անձինք, որոնք օգտվում են ֆինանսական ծառայություններից։
ԲՀԿ-ական պատգամավորին արձագանքեց Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։ Ըստ նրա՝ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի արդյունավետությունն ապացուցված է։
«Անցյալ տարի, եթե վարձակալության համար 64 մլն դրամ է վճարել, դեռ չի նշանակում, որ նախորդ տարիներին վարձակալության գումարն այդքան է եղել»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ ցանկության պարագայում կարող է թվեր ներկայացնել։
Մանրամասները՝ տեսանյութում։