Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռիսկ չկա՞, որ գումար ունեցողը գրավով ազատ կարձակվի, իսկ ով չունի, չի կարող․ Զոհրաբյան (տեսանյութ)

Կառավարությունն առաջարկում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարել։ Ըստ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ նախագծով նախատեսում են, որ գրավը լինի խափանման միջոցի առանձին տեսակ։

«Այսպիսով, առաջարկվում է գրավը կիրառել ոչ միայն կալանավորման այլընտրանքային, այլև ինքնուրույն խափանման միջոց։ Այսինքն՝ անկախ նրանից առկա է դատարանի որոշումը կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, թե ոչ, անձի նկատմամբ կարող է կիրառվել գրավ, եթե այն անհրաժեշտ ու պիտանի է անձի պատշաճ վարքագիծն ապահովելու համար»,- ասաց նախարարը։

Գործող օրենսդրությամբ՝ գրավը կիրառվում է բացառապես դատարանի որոշմամբ, այս նախագծով առաջարկվում է գրավը ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների պես կիրառել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի որոշմամբ, ինչպես մեղադրյալի, այնպես էլ կասկածյալի նկատմամբ ելնելով դրա որպես ինքնուրույն խափանման միջոց նախատեսելու հանգամանքից։ Գրավը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացնելու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշման մեջ նշում է գրավի գումարի չափը կամ գրավի առարկան:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ողջունում է նախագիծը, քանի որ ըստ նրա՝ անհարկի շատ է կիրառվում կալանքը որպես խափանման միջոց։

«Վստահ եմ, որ տնտեսական հանցագործությունների դեպքում դա ուղղակի անիմաստ է, որովհետև մենք մարդուն զրկում ենք իր տնտեսական հասցրած վնասը փոխհատուցելուց, տանում, փակում ենք 4 պատի մեջ, արդյունքում ում վնաս է պատճառվել, որևէ օգուտ չի ստանում»,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը։

Սակայն, ԲՀԿ-ական պատգամավորին մտահոգում է, թե ռիսկ չկա՞, որ նա, ով գումար ունի, գրավով ազատ կարձակվի, իսկ ով չունի, չի կարող, և «կբավարարվի» կալանքը որպես խափանման միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում։