Ինչպե՞ս է իրեն զգում Չինաստանում մնացած հայուհին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՉինաստանի Սիան քաղաքում ապրած չորս ամիսներից երկուսն Անի Աղաջանյանն անցկացրել է տանը՝ ինքնամեկուսացված։
Արդեն երկու շաբաթ է՝ Անին ելումուտ է անում առանց հատուկ անցագրի, զգոնությունը չի թուլացրել, Չինաստանի Կառավարության ցուցումներին էլ հետևում է։
«Ա1+»-ի խնդրանքով Անին տեսաձայնագրության միջոցով պատմում է, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկել Չինաստանի Կառավարությունը կորոնավիրուսի տարածման կանխարգելման դեմ, ինչպե՞ս է ինքն անցկացրել ինքնամեկուսացումը, և չի՞ ցանկացել արդյոք չի հետ վերադառնալ։ Ըստ հայուհու՝ Չինաստանում ուտելիքի պակասի վերաբերյալ հրապարակումները չափազանցված էին։
Ասում է, որ երբ գնացել է խանութներ, միշտ էլ առատություն է եղել։ Տնից դուրս է եկել խիստ անհրաժեշտության պարագայում, ինչպես որ կարգադրվել էր։
«Այստեղ շատ կարևոր նրբություն կա, երբ Կառավարությունը հրահանգում է մնալ տանն ու դուրս չգալ, բոլորը ենթարկվում են հրահանգին»,- ասում է նա։ Անին ժպիտով է նշում, որ ինքը խուճապի մեջ չի ընկել, դա էլ իր բացատրությունն ունի։
«Գիտակցելով, որ պահպանելով բոլոր կանոններն ու լինելով երիտասարդ ու առողջ, հավանականությունը վիրուսով վարակվելու բավականին քիչ է»,- նկատեց Անին։
Հայուհին պատմում է, որ այդ ընթացքում ինքն ավելի հանգիստ էր, քան Հայաստանում իր հարազատները։ Հորդորել են, որ վերադառնա հայրենիք, բայց որոշումից հետ չի կանգնել՝ երկու պատճառով։
«Առաջինը գաղափարական է, որ եթե ես որոշել եմ որոշ շրջան ապրել այստեղ, պետք է այս մարդկանց հետ հավասար անցնեմ այս ամենի միջով։ Իսկ երկրորդն այն է, որ ես չէի ցանկանում վերադառնալ հայրենիք ու վտանգի տակ դնել իմ հարազատների, ընկերների, ինչպես նաև անծանոթների առողջությունը, որովհետև սկզբում Չինաստանից վերադարձող հայերը բողոքում էին, որ թեստավորման խնդիր կա։ Եթե ախտանիշներ չունես, թեստավորումն անցնելը շատ բարդ է»,- ասաց Անին։
Չինաստանում գտնվող մեր հայրենակցուհին խորհուրդ է տալիս լավատես լինել ու այս ընթացքն օգտագործել հօգուտ ձեզ։