Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հովիկ Աղազարյանն առաջարկում է ռիսկի խմբի անձանց արգելել տնից դուրս գալ (տեսանյութ)

Ազգային ժողովում 20 րոպե ընդմիջումից հետո քվորում ապահովվեց։ Մինչ օրակարգի հարցերին անցնելը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը առաջարկություն արեց։

«Արդյոք նպատակահարմար չէ՞ մեծահասակներին և խրոնիկական հիվանդություն ունեցողներին տնից դուրս գալը արգելել։ Եվ մյուս առումներով կյանքը բնականոն հուն կմտնի»,- ասաց Հովիկ Աղազարյանն ու դադարեցրեց խոսքը, որովհետև պատգամավորները զուգահեռ խոսում էին։

Պարոն Աղազարյանը Արդարադատության նախարարին հարցրեց, թե լսո՞ւմ է, վերջինս էլ ասաց՝ չէ, չի լսվում։ Խորհրդարանականները սկսեցին ծիծաղել։ Պատգամավորը շարունակեց ելույթն ու նշեց, թե նպատակահարմա՞ր է մեծ քաղաքներում, մասնավորապես՝ Երևանում հասարակական սննդի կետեր ստեղծեն և այսպես կոչված օրավարձով ապրող անձանց, որոնք այսօր դժվարություն ունեն իրենց ընտանիքներին կերակրելու հարցում, անվճար սնունդ մատուցեն։

Հովիկ Աղազարյանն, իհարկե նշեց, որ դա գուցե վտանգավոր լինի, բայց այնուամենայնիվ կարևոր համարեց։ Նախարար Ռուստամ Բադասյանն ի պատասխան առաջին հարցի ասաց, որ այդ հարցերը պարետատան ուշադրության կենտրոնում են։ Ինչ վերաբերում է սննդի կենտրոններ ստեղծելուն, Ռուստամ Բադասյանն առաջարկեց ձեռնպահ մնալ՝ նկատի ունենալով համաճարակի տարածման տեմպերը։