Մարդկային հիշողությունը շատ կարճ է․ կորոնավիրուսն էլ կմոռացվի․ Էդուարդ Թոփչյան
Աջակցիր «Ա1+»-ինՈւհանում ունեցած համերգի, գրկախառնությունների, կորոնավիրուսի, Ռոնալդոյի եւ այլ թեմաների մասին․․․ «Ա1+»-ի հեռախոսազրույցը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ:
Եթե ես Ռոնալդոյի պես տարեկան 78 միլիոն եվրո աշխատավարձ ստանայի, աշխատավարձիս 90 տոկոսը բարեգործություն կանեի, մնացած 10 տոկոսը մինչև թոռներս ինձ կբավականացներ
– Պարոն Թոփչյան, ինչպե՞ս եք դիմակայում կորոնավիրուսի մղձավանջին:
– Հանգիստ: Դուրս չեմ գալիս, միայն օրական երկու ժամ հեծանիվ եմ քշում: Գիտեք ինչ, շատ մարդ վախեցած է, շատերն էլ վախեցած չեն: Ես, օրինակ, վախեցած չեմ: Ավելին Ձեզ ասեմ, մայրս արդեն ութսունն անց է, վախենում է վարակվելուց, թե չէ ես բոլորովին չէի մտածի, կարելի է և վարակվել, բուժվել: Կարևորը՝ ուրիշին չվարակելն է, և շատ ճշգրիտ պահպանում եմ բոլոր կանոնները, ինչ որ ասվում է:
– Հիմա շատերն այն կարծիքի են, որ երբ այս արհավիրքը վերջանա, կյանքն այլ կլինի: Դուք ի՞նչ հեռանկար եք տեսնում:
–Եթե շատ կարճ տևի, չեմ կարծում թե շատ բան փոխվի, իսկ եթե շատ երկար տևի, իհարկե, ամեն ինչ կփոխվի: Հազար տեսակ կարծիքներ ու տեսակետներ ենք լսում… Մարդիկ չգիտեն, թե ինչին հավատան: Խուճապի մեջ են, չեն հասկանում, թե ինչո՞ւ, օրինակ պետք է հեռախոսազանգերը գաղտնալսվեն, կամ, ճի՞շտ է արդյոք, որ ամերիկացիները չիպ են դնում: Այս խոսակցությունները վաղուց էինք լսում, զարմանում, թե ի՞նչպես կարող են մարդկանց մեջ չիպ դնել, բայց հիմա տեսնում ենք, որ շորերը գնում ենք, մեջն արդեն չիպ կա: Չգիտեմ: Ես իհարկե քաղաքականությունից լավ չեմ հասկանում, ճիշտն ասած, չեմ էլ փորձում հասկանալ: Իհարկե, կարծում եմ, որ կյանքը կփոխվի, միանշանակ կփոխվի: Սակայն, ես անուղղելի լավատես եմ և հույս ունեմ, որ կփոխվի դեպի դրականը, մարդիկ կսկսեն հասկանալ, որ կյանքում շատ բաներ կան, որ իրապես կարևոր չեն:
– Այսինքն, կփոխվի արժեհամակարգը:
– Հուսով եմ այո: Տեսեք,ասում են, Ռոնալդոն ինչ չտեսնված տղա է, իր սեփական հյուրանոցը ժամանակավոր հիվանդանոց է սարքել: Եթե ես Ռոնալդոյի պես տարեկան 78 միլիոն եվրո աշխատավարձ ստանայի, աշխատավարձիս 90 տոկոսը բարեգործություն կանեի, մնացած 10 տոկոսը մինչև թոռներս ինձ կբավականացներ: Ես Ռոնալդոյին չեմ նախանձում, քավ լիցի, նույնիսկ համակրում եմ, որովհետև ֆուտբոլասեր եմ: Բայց միևնույն է չեմ հասկանում, թե ինչու գնդակին ուղիղ խփելու համար կարելի է ստանալ տարեկան 100 միլիոն:
– Իսկ որքա՞ն է ստանում աշխարհահռչակ դիրիժորը:
– Ամենալավ վարձատրվող դիրիժորը համերգից կարող է ստանալ 50-60 հազար եվրո, որը, կարծում եմ, նույնպես շատ է: Անցյալում այդպես չէր: Մեծանուն Տոսկանինին երբ մահացավ, իր հաշվի վրա ասում են 12 հազար դոլար է ունեցել, որը այսօրվա 120 հազարին է հավասար: Բայց այսօր Տոսկանինիի մակարդակի դիրիժորն իր հաշվին կունենա 100 միլիոն: Ես օրինակ, չեմ պատկերացնում, թե մարդուն ինչի է հարկավոր այսքան գումար:
Օրեկան 8500 երեխա մահանում է սովից, իսկ մեկն ունի, ասենք 10 միլիարդ եվրո: Եվ, եթե հանկարծ նա հանում է 10 հազար և տալիս որպես օգնություն, հրճվում ենք ու ասում՝ «Բրավո, ինչ բարեգործ է այս մարդը»: Ինչու կյանքում պետք է այսպիսի անհավասարություն լինի, ինչու պետք է մարդիկ թույլ տան, որ ինչ-որ մեկը սովից մահանա, ինչու պետք է մենք գնանք ռեստորան, պատվիրենք այնքան, որ կեսը տանենք թափենք ու չմտածենք, որ այս րոպեին ինչ-որ մեկը սովից մահանում է: Ուզում եմ մարդկության մասին ավելի լավ մտածել, չնայած գիտեմ, որ դա այդպես չէ: Ուզում եմ հավատալ, որ եթե կորոնավիրուսը երկար տևի, իհարկե, Աստված մի արասցե, դա գուցե բերի նրան, որ մարդիկ սկսեն իրական արժեքները գնահատել: Հիմա, երբ ոմանք ինչ-որ հումանիստական ճառեր են ասում, բարեգործական հիմնադրամներ են բացում, բարեգործություններ են անում, հաճախ, ցավոք, դա ինքնափիառ է: Ես կուզեմ, որ մարդիկ իրար նկատմամբ անկեղծ լինեն, բաց և կամեցող:
Երբեք ինչ-որ հսկա ունեցվածքների չեմ ձգտել: Ես կարծես թե ամեն ինչ ունեմ շատ հանգիստ ապրելու համար, դրանից ավելիին չեմ ձգտում: Միակ իմ ձգտումը այն է, որ Բեթհովենի սիմֆոնիաները ավելի լավ կարողանամ ղեկավարել:
– Չե՞ք կարծում, որ մի քիչ ուտոպիստական գաղափարներ են:
–Չգիտեմ, միգուցե ուտոպիստական են, բայց եթե մարդը հասկանա, որ ինքը եկել է այս աշխարհ լավագույնը միջինը 80 տարի ապրելու և հետո հեռանալու է, միգուցե իրեն հարց տա, իսկ ինչու՞ բարի գործեր չանի: Միգուցե մարդիկ հասկանան, որ եթե վիրուսը կարող է ողջ աշխարհը պարալիզացնի, երևի ժամանակն է երկրագունդը քիչ ավիրելու:
Կարծում եմ, որ կարելի է ավելի քիչ գրկախառնվել, մանավանդ, որ ոչ բոլոր գրկախառնություններն են անկեղծ:
– Նվագախումբը Չինաստանում էր հենց այն օրերին, երբ սոցցանցերում սկսվեցին պտտվել լուրերը չարաբաստիկ կորոնավիրուսի մասին:
– Մենք Չինաստանում եղել ենք դեկտեմբերի 25-ից հունվարի 9-ը: Համերգներ ենք ունեցել նաև Ուհանում: Հունվարի 9-ին մեր վերջին համերգը Պեկինում էր: Հավատացնում եմ, որ այնտեղ նման լուրեր չկային: Թերևս, միայն Ուհանում մեզ զգուշացրեցին, որ ռեստորանում միս չուտենք: Ես չգիտեմ, դա ինչ էր նշանակում, բայց, ես գնացել եմ և միս եմ կերել: Պեկինի մեր համերգին, որը նաև Հայաստանի և Չինաստանի միջև մշակույթային տարվա պաշտոնական բացումն էր, ներկա էր մեր հիանալի դեսպանը, և մենք այդ համերգից հետո փոքրիկ ընթրիք ունեինք, շատ կարևոր չինացի պաշտոնյաների հետ: Կորոնավիրուսի մասին բացարձակ խոսակցություն չկար: Դժվար թե իրենք իմանային և դրա մասին չխոսեին: Հունվարի վերջին մեր երաժիշտները մեծ տագնապ սկսեցին ապրել՝ տեսնելով, թե Չինաստանում ինչ է կատարվում, հետո հաշվեցինք, տեսանք, որ մեր 14 օրը անցել է և հանգստացանք:
– Կորոնավիրուսով վարակվելու վախը, որ մտավ մարդկանց մեջ, չե՞ք կարծում, որ դեռ երկար կմնա: Մարդիկ կվախենան գրկախառնվել, համբուրվել:
– Ես կարծում եմ, որ ընդհանրապես կարելի է ավելի քիչ գրկախառնվել, մանավանդ, որ ոչ բոլոր գրկախառնություններն են անկեղծ: Ես ինքս շատ էմոցիոնալ, զգացմունքային մարդ եմ, սակայն հաճախ կարող է և ցույց չտամ և իմ վերաբերմունքը մարդը կարող է տեսնել այն պահին, երբ իրոք դրա կարիքը ունի: Հետո, հավատացեք, մարդկային հիշողությունը, կարծում եմ, շատ կարճ է: Այնպես որ սա էլ կմոռացվի:
Այնպիսի սարսափելի բաներ են տեղի ունենում աշխարհում, որի մասին մարդը չի էլ մտահոգվում: Օրինակ այն, որ 8500 մարդ սովից մահանում է : Բայց այդ մասին ընդհանրապես չենք խոսում, իսկ, որ երեք ամսում կորոնավիրուսից 30 հազար մարդ մահացավ, որը իհարկե նույնպես շատ ցավալի է, խոսում են անընդմեջ, քանի որ մարդիկ տագնապի մեջ են:
Ինձ թվում է, որ այս վիրուսը բնական չէ, և սրա ետևում ինչ-որ ուրիշ բաներ են թաքնված, որի մասին գիտեն միայն նրանք, ովքեր ստեղծել են: Կարող է ես սխալ եմ, սակայն դա իմ տեսակետն է: Թող, որ գծողներն իրենց տերիտորիաները շուտ գծեն, այս ամենն էլ շուտ ավարտվի վերջանա:
Թող աշխարհը հանգիստ ապրի, Իտալիա էլ գնան, Ամերիկա էլ:
Շարունակելի․․․