Հայկական ֆիլմերը` Պինամարում
Աջակցիր «Ա1+»-ինԵրկու օր է` Բուենոս Այրեսի Լատինամերիկյան արվեստի թանգարանի դահլիճում մեկնարկել է «Պինամարի էկրան 2010. արգենտինյան եւ եվրոպական կինոյի 6-րդ հանդիպում» միջազգային կինոփառատոնը:
Վեցերորդ անգամ անցկացվող Պինամարի այս տարվա կինոփառատոնը, որը կայանալու է մարտի 6-13-ը, հատկանշական է այն առումով, որ առաջին անգամ դրան հատուկ հրավիրյալի կարգավիճակով մասնակցելու է Հայաստանը:
Ժամանակակից հայկական կինոարվեստը ներկայացված է լինելու Հարություն Խաչատրյանի «Սահման» վավերագրական ֆիլմով եւ Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» գեղարվեստական կինոնկարով: Ի դեպ, կինոռեժիսոր Գալստյանը ժամանելու է Պինամար եւ անձամբ է իր ֆիլմը ներկայացնելու արգենտինացի կինոքննադատների ու կինոհանդիսատեսի դատին:
Մարտի 7-ին կինոփառատոնի շրջանակներում նշվելու է Հայաստանի օրը, որը սկսվելու է հայկական ֆիլմերի ցուցադրմամբ եւ ամփոփվելու է Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի անունից կազմակերպված ընդունելությամբ:
Մյուս եվրոպական երկիրը, որ հատուկ հրավիրյալի կարգավիճակով մասնակցում է Պինամարի 6-րդ կինոփառատոնին` Հունաստանն է: