Մասիս Մայիլյանն իր հայտարարությունով համագործակցության բոլոր ճանապարհները փակել է․ Սամվել Բաբայան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 31-ին Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Ապրիլի 14-ին կանցկացվի նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։ Երեկ Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը։
Այս և այլ հարցերի շուրջ «Ա1+»-ը զրուցել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի հետ։
«Ես չգիտեմ հետաձգելու են, թե չեն հետաձգելու կորոնավիրուսի հարցով, բայց հարցն այն է, որ բժշկական ծառայություններ գոյություն ունեն, պարտավոր են ստուգել ու ասել՝ ինչքանով է վտանգավոր և ներկայացնեն իշխանություններին։ Ես չեմ տեսնում, որ որոշում են կայացնելու, տեսնում եմ, որ ընտրություններն, այնուամենայնիվ, լինելու են»,- ասաց Բաբայանն՝ անդրադառնալով նախագահական ընտրությունների երկրորդ փուլին։
Հարցին, հնարավո՞ր է որպես ընդդիմություն համագործակցությունը Վիտալի Բալասանյանի գլխավորած «Արդարություն» կուսակցության կամ մյուս խմբակցությունների հետ, կամ հնարավո՞ր է կոալիցիա կազմեն իշխանության հետ՝ պատասխանեց, որ ամեն ինչ հնարավոր է, և որևէ մեկի հետ հնարավոր չէ բացառել համագործակցությունը․
«Բոլորի հետ ունեմ նորմալ, մարդկային հարաբերություններ»։
Բաբայանը կարիք չի տեսնում մասնակցել ընտրությունների արդյունքները չեղարկելու ակցիաների, և եթե դրա կարիքը լիներ, ապա դատական կարգով կվիճարկեին արդյունքները։ Բայց գիտակցելով, որ եթե բողոքն անգամ դատարանը բավարարի, ապա ևս վեց ամսով պետք է հետաձգվեն ընտրությունները, քաղխորհուրդը որոշել է փորձել երկխոսության ճանապարհով գնալ։
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ համագործակցության հնարավորության մասով ասաց․ «Մասիս Մայիլյանն իր հայտարարությունով համագործակցության բոլոր ճանապարհները փակել է, դրա համար անիմաստ եմ համարում այդ հարցի շուրջ շարունակել խոսել»:
Ըստ Պաշտպանության բանակի նախկի հրամանատարի՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներին անդրադառանալու կարիք կա, պետք է ճշտել-հասկանալ՝ որտեղ են խնդիրները եղել։
Անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին, որում վերջինս կորոնավիրուսով պայմանավորված վիճակը համեմատել էր պատերազմականի հետ՝ Բաբայանն ասաց, որ համաճարակը պատերազմի հետ համեմատելը մի քիչ չափազանցված է։
«Ընդհանրապես կան երևույթներ, որոնք կարելի է մեկնաբանել յուրովի, և ամեն մեկն իր ձևով է փորձում դա ներկայացնել․ դա է խնդիրը»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է են անցել ԱՀ նախկին պետնախարար/վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը (36,076 ձայն կամ 49,2 տոկոս) և ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը (19,360 ձայն կամ 26,4 տոկոս)։
Խորհրդարան անցել է 5 քաղաքական ուժ, Ազգային ժողովի պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք՝ տասնվեց մանդատ, «Միասնական հայրենիք» կուսակցություն` ինը մանդատ, Արցախի «Արդարություն» կուսակցություն` երեք մանդատ, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն` երեք մանդատ, Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն` երկու մանդատ:
Մանրամասները՝ տեսանյութում։