Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վաղվանից պետք է ստեղծվի օրը 1000 թեստի հնարավորություն․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն իսկ բաշխվել է 3 մլրդ 70 մլն դրամ»,-այս մասին  Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նաև հավելեց, որ այս թիվը նախատեսվածի 10 տոկոսից էլ պակաս է:

Վարչապետը տեղեկացրեց նաև, որ Կառավարությունն արդեն իսկ հրապարակել է այն պատուհանը, որով քաղաքացիները կարող են ճշտել՝ շահառու են, թե ոչ․ բազան կամբողջանա հաջորդ շաբաթվա վերջին:

Նիկոլ Փաշինյանը արձանագրեց, որ բանկերը 290 հազար քաղաքացիների տվել են վարկային  արձակուրդ 9.3 մլրդ դրամի չափով, վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձանց:

«Կան բոլոր հիմքերը ասելու, որ այս պրոցեսը կշարունակվի, այս որոշումները կայացվել են առանց որևէ վարչական ներգործության կառավարության կողմից: Այն, որ բանկային  համակարգը մեր քաղաքական հորդորներին արձագանքել է, վկայությունն է այն բանի, որ ամենազգայուններից մեկը համարվող այդ համակարգը վստահություն է տածում Կառավարության կողմից իրականցվող հակաճգնաժամային քաղաքականության նկատմամբ, և սրա մասին վկայում են նաև շուկայում տեղի ունեցող պրոցեսները, արտարժույթի շուկան և բանկային համակարգը գտնվում են շատ հանդարտ վիճակում»:

Վարչապետն ասաց՝ բազմաթիվ առաջարկություններ են ստացել և աշխատում են ամեօրյա ռեժիմով, ճգնաժամը հաղթահարելու հստակ ռազմավարություն ունեն, ընդ որում՝ ճգնաժամը կառավարության տնտեսական զարգացման ռազմավարական պատկերացումների մեջ շատ բան չի փոխել:

Վարչապետը տեղեկացրեց, որ երեկ իրականացվել է կորոնավիրուսի 236 թեստ, որից դրական է 28-ը, ինչը նշանակում է՝ շարունակում ենք պահպանել զգուշավոր լավատեսությունը, բուժվածների թիվը 24 է:

Հայտնեց  նաև, որ վաղը կքննարկվեն հետագա անելիքները առաջիկա կարգավորումների առումով:

Ըստ Փաշինյանի՝ վաղվանից պետք է ստեղծվի օրը 1000 թեստի հնարավորություն, առաջին փուլում հնարավոր է, որ այդ թեստերի թիվը 1000-ի չհասնի, քանի որ պետք է ցուցում լինի.

«Վաղվանից բոլոր բուժաշխատողներին և թոքաբորբով հիվանդ բոլոր քաղաքացիներին, այլ վիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին կթեստավորենք և արդյունքներով ավելի ամբողջական պատկեր կունենանք ընթացիկ  իրավիճակի մասին։

Չնայած վերջին օրերի քննարկումները մեզ բերում են այնպիսի եզրակացության, որ մենք ընդհանուր առմամբ տիրապետում ենք իրավիճակին»,- ասաց նա: