Թեստավորման ցանկն այսօրվանից ընդլայնվել է․ ովքե՞ր են ընդգրկվել այնտեղ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե ժամանակը չէ՞ սահմանի վրա բոլորին թեստավորելու, մանավանդ՝ բեռնափոխադրումների ժամանակ վտանգ կա, որ կարող են վարակված անձինք լինել։
Պարոն Բագրատյանը նկատեց, հիմա, երբ Չինաստանից 60 000 թեստ է ստացվել, արդեն ի վիճակի են կարգավորել այդ խնդիրները։ Պատգամավորը նաև նշեց․ «Ինչո՞ւ պարետին չեք փոխանցում, որ այս իրավիճակում պարսկական մեքենաները Երևան չհասնեն, դատարկեն Մեղրիում, մեր մեքենաները տեղափոխեն այստեղ, հաշվի առնելով այս վտանգները»։
Ի պատասխան Արսեն Թորոսյանն ասաց, որ Երևան կատարվող բեռները հնարավոր չէ դատարկել։ Դրա մասին քննարկվել է և որոշում է կայացվել, որ այն բեռները, որոնք հնարավոր չէ դատարկել, դատարկվելու են միայն այնտեղ, որտեղ դա օգտագործվում է։ Խոսքը բետոնի, կլինկերի և ապակու մասին է։ Ինչ վերաբերում է մյուս տեսակի բեռնափոխադրումներին, որոնք մինչսահմանային գոտում փոխանցում են կատարում,ապա ըստ նախարարի՝ շփումը մինիմալի է հասցված։
Նախարարությունը և Ոստիկանությունը հսկողություն է իրականցնում։
«Օրական թողունակությունը Մեղրիի մաքսակետի 30 մեքենա է, դրանից ավել փոխանցում տեղի չի ունենում։ Մնացածներն էլ փոքր խմբաքանակներով ոստիկանության ուղեկցությամբ գալիս են, դատարկվում իրենց նշանակետին։ Այլ տարբերակ հնարավոր չի եղել իրագործել ,- ասաց Արսեն Թորոսյանը։
Ինչ վերաբերում է սահմանի վրա թեստավորումներ անելուն, Առողջապահության նախարարն ասաց, որ չեն թեստավորել, որովհետև ոչ թե թեստ չունեն, այլ դա անիմաստ է բժշկագիտական տեսանկյունից։
«Այդ 60 հազար թեստը գնվել է Հայաստանի բյուջետային փողերով, և ոչ թե նվեր է: Դրանք բոլորը պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թետեր են, որոնցից ամեն մեկն անելը տևում է մոտ 5 ժամ, բարձր պատրաստվածությամբ լաբորատորիայում, որից Հայաստանում շատ քիչ կա»,-ասաց նա և հավելեց, որ սահմանին թեստ անելը ոչ մի երաշխիք չի տալիս, որ այդ նույն մարդու մոտ 3 օր հետո չի լինի հիվանդության սկիզբ։
Թեստավորումը միշտ արվում է ըստ ցուցումների։ Նախարարությունն ընդլայնել է այդ ցանկը։ Այօրվանից այդ ցանկի մեջ ընդգրկել են այն բուժաշխատողներին, որոնք շփվել են կասկածելի անձանց հետ, թոքաբորբ ախտորոշում ունեցող բոլոր անձանց, ԱՀԿ ցուցումներով հղիներին՝ սուր շնչառական վարակներով, հաստատված դեպքերով ծննդաբերած հղի կանանց երեխաներին և այլն։
Մանրամասները՝ տեսանյութում։