Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Պաշտոնական

«Գործող իշխանությունն Արցախի հարցում նույնիսկ ավելի կրեմլահաճո է, քան իր նախորդները»․ «Սասնա ծռեր»

Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«2018 թ. համաժողովրդական ընդվզումն առաջնորդող խմբի մեղքով չլուծվեց մեր կյանքի հիմնական պրոբլեմը՝ Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ) չազատագրվեց կրեմլակենտրոն կիսագաղութային համակարգի քաղաքական, տնտեսական, ռազմական և մշակութային տիրապետությունից։

Այդ ընդվզմամբ իշխանության եկած քաղաքական թիմը դարձավ կիսագաղութային համակարգի նախորդ ռեժիմների իրավահաջորդ և, բացառությամբ իրեն սպառած բռնության մեթոդի կիրառումից, բոլոր ասպարեզներում որդեգրեց նրանց քաղաքականությունը։

Ասվածը հատկապես ակնհայտ է Արցախի հարցում, քանի որ այն ՀՀ հիմնական ռազմավարական հարցն է։

Ցավով պետք է արձանագրենք, որ գործող իշխանությունն Արցախի հարցում նույնիսկ ավելի կրեմլահաճո է, քան իր նախորդները։ Նա պարզապես իր ձեռքերը լվացել է Արցախից և նրան բանակցությունների մեջ ներգրավելու իր անհեթեթ քաղաքականությամն էլ ավելի է մեծացնում Արցախի օտարման ու աբխազացման վտանգը։

Պատահական չէ, որ համաճարակի պայմաններում Արցախում ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին սկզբում հայտարարեց կիսագաղութային համակարգի արտաքին քաղաքականության գլխամասային գրասենյակը՝ ՌԴ ԱԳՆ-ն, ապա նույն տեսակետը կրկնեց նրա հայաստանյան մասնաճյուղը՝ ՀՀ ԱԳՆ-ն։

Միևնույն ժամանակ՝ ուրախությամբ կարող ենք փաստել, որ մեր ժողովրդի քաղաքականապես ակտիվ հատվածն արդեն գիտակցում է, որ հայոց պետականությունը և Արցախի կեղծ անկախությունն անհամատեղելի են։

Համաճարակը, իր վտանգով և վնասով հանդերձ, շատերի համար ամբողջությամբ բացահայտեց կիսագաղութային համակարգի հակահայ և հակամարդ էությունն ու բնույթը։

Թերևս բոլոր ողջամիտ մարդկանց համար այլևս գաղտնիք չէ, որ ինչպես նախորդ ռեժիմների օրոք, այսօր ևս ազգային շահը, հայ մարդու և ՀՀ քաղաքացու կյանքն ու առողջությունը ստորադասվում են, երբ կշեռքի մյուս նժարին է դրվում կրեմլակենտրոն համակարգի շահը։

Արդեն միս ու արյուն է ստանում այն տեսակետը, որ եթե ուզում ենք ազատ ու արժանապատիվ ապագա ունենալ, ապա ազգային օրակարգի առաջնային խնդիր պետք է դարձնենք Հայաստանի Հանրապետության (Արցախը ներառյալ) ազատագրումը կրեմլակենտրոն կիսագաղութային համակարգից։

Դատապարտում ենք գործող իշխանության ապազգային ու անմարդկային կրեմլահաճո քաղաքականությանը և մեր ժողովրդին կոչ ենք անում պատրաստվել իրապես ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետություն (Արցախը ներառյալ) կառուցելու գործին։

Այս համատեքստում դիմում ենք Արցախի մարզում հաշվառված ՀՀ քաղաքացիներին և հորդորում ենք բոյկոտել ապրիլի 14-ին նշանակված ընտրությունների երկրորդ փուլը և դրա փոխարեն պատրաստվել համաճարակից հետո Ստեփանակերտի ռեժիմին տապալելու ու Արցախը ՀՀ-ին դե յուրե միացնելու խոչընդոտները վերացնելու գործողություններին։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն»։