Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չգրանցված, օրավարձով աշխատավարձ ստացողներին աջակցություն տրամադրվելո՞ւ է․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին ԱԺ-ում հարցեր տալու համար 26 պատգամավոր է հերթագրվել։

«Բարգավաճ Հայաստան» խմբակվության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե չգրանցված, օրավարձով աշխատավարձ ստացողների խնդիրը ինչ-որ լուծում ստանալո՞ւ է, նրանց աջակցություն տրամադրվելո՞ւ է։

Տիկին Զոհրաբյանը նաև հայտնեց, որ ահազանգեր է ստացել, թե բազմաթիվ գործատուներ հրաժարվել են աշխատողներին աշխատավայր հասցնել։

«Այդ գործատուներին ինչ-որ բան բացատրվելո՞ւ է, որ չի կարող նվազագույն կամ միջին աշխատավարձ ստացողը տաքսիով գնա ու գա»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը։

ԲՀԿ-ական պատգամավորը հայնտեց նաև, որ ԵՊՀ ուսխորհուրդը և այլ բուհերի ուսանողներ դիմել են իրեն, որպեսզի վարչապետին առաջարկվի մինչև 25 տոկոս ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրվեն ուսանողներին։

Տիգրան Ավինյանը չհասցրեց բոլոր հարցերին պատասխանել, միայն անդրադարձավ չգրանցված աշխատողներին։ Նա հիշեցրեց, որ Կառավարության 9-րդ աջակցության ծրագիրն ուղղված է նաև չգրանցված աշխատողների համար։

Հիշեցնենք, որ խոսքը մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքների մասին է, որով յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ է հատկացվելու։

Տիգրան Ավինյանն առաջարկեց չգրանցված աշխատակիցների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել ՊԵԿ-ին, որպեսզի ինֆորմացիա կարողանան ձեռք բերել, և գուցե հնարավոր լինի նրանց համար ինչ-որ ծրագիր մշակել։ Ըստ նրա՝ այս ընթացքում շահելու են գրանցված աշխատողները։

«Այդ անձանց շրջանակը մեծ է, չենք գնալու, բոլորին փակենք, բայց պետք է պատկերը տեսնենք։ Հիմա շահում են անձինք, որոնք գրանցված են, այն տնտեսվարողները, որոնք պատշաճ իրականացրել են հարկային պարտավորությունները։ Իրենք հիմա ստանում են իրենց վարած պարկեշտ քաղաքականության պտուղները»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Փոխվարչապետը հավելեց, որ չգրանցված աշխատողները տնտեսական ծրագրերի մեջ չեն կարող ներգրավվել, որովհետև որևէ տեղ չեն երևում։ Դրա համար առանձին սոցիալական ծրագրեր են մշակվել, և ենթադրում է, որ ապագայում էլ կմշակվի , որոնցից նրանք կարող են օգտվել։