Բացել լրահոսը Փակել լրահոսը
արփինե
A A
Քաղաքականություն

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ավելի վաղ 1-ին ընթերցմամբ ընդունված նախագծերը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց առավոտյան հրավիրված ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը։ Երկրորդ ընթերցումից հետո նախագծերն անմիջապես քվեարկության դրվեցին։

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 107 կողմ ձայներով։ Իսկ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու ու «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը՝ 109 կողմ ձայներով։

Նշենք, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծով, գործադիրն առաջարկում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը երկարաձգել ևս չորս ամսով` հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով տնտեսվարող սուբյեկտների համար առաջացած դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացի կազմակերպման գործնական անհնարինությունը:

Նախագծի վերաբերյալ պատգամավորները գրավոր առաջարկություններ չէին ներկայացրել։ Իսկ երկրորդ ներկայացված նախագծերի փաթեթով Կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համար բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում, ինչպես նաեւ կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողներ, այդ թվում կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավում:

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ որոշ առաջարկություններ են արվել գլխադասային հանձնաժողովում, որոնց համաձայն՝ օրենքը կտարածվի նաև 2020թ․-ի մարտի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

«ՀՀ-ում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները իրավունք ունեն ցուցաբերել համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում ընտրված տեսակների շրջանակում՝ ՀՀ օրենսդրության սահմանված կարգով լիցենզիա ստանալու դեպքում՝ բացառությամբ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում, երբ հնարավորություն կընձեռվի Կառավարության սահմանված կարգով և պայմաններով համապատասխան լիցենզիա չունեցող բժշկական կազմակերպությունների ներգրավումը և այլն»,- զեկուցեց տիկին Ավանեսյանը։