Վկայի և տուժողի հարցաքննությունները կտեսաձայնագրառվեն՝ բացառությամբ երկու դեպքի․ առաջարկ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանն ու Նազելի Բաղդասարյանն առաջարկում են վկայի և տուժողի հարցաքննություններն անցկացնել տեսաձայնագրառմամբ՝ բացառությամբ երկու դեպքի։
Նախագծի հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ հարցաքննությունը կտեսաձայնագրառվի, եթե քննչական գործողության մասնակիցները և քննիչը չեն առարկում, ապա ցուցմունքները, այդ թվում` հարցերը և պատասխանները հարցաքննության արձանագրության մեջ չեն արտացոլվում:
Առարկությունների բացակայության մասին նշում է կատարվում արձանագրությունում, տեսաձայնագրառումը ամրագրվում է երկու նյութական կրիչի վրա, որոնք կցվում են հարցաքննության արձանագրությանը:
Նյութական կրիչներից մեկը կնքվում է և կարող է բացվել դատարանում` սույն օրենսգրքի 337-րդ եւ 342-րդ հոդվածներով նախատեսված դեպքում, իսկ մյուս կրիչը կարող է օգտագործվել քննիչի կամ դատախազի կողմից` իրենց դատավարական լիազորություններն իրականացնելու նպատակով:
Հարցաքննության ընթացքի տեսաձայնագրառման նյութական կրիչի կրկնօրինակը դատավարության մասնակիցներին օրենքով սահմանված կարգով տրամադրվում է՝ քրեական գործի նյութերին ծանոթացնելու ընթացքում:
Հարցաքննության ավարտից հետո քննիչը վերարտադրում է ցուցմունքի տեսաձայնագրառումը, ինչի մասին նշվում է հարցաքննության արձանագրությունում:
Տեսաձայնագրառման վերաբերյալ հարցաքննվող անձի հայտարարությունները քննիչը կամ հարցաքննվող անձը նշում է հարցաքննության արձանագրության մեջ: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Սերգեյ Ատոմյանը։
Նա նշեց, որ այս նախագիծով ճշգրտություն կապահովվի։
«Նախկինում եղել են շատ դեպքեր, երբ ցուցմունք տվողը ցուցմուն տալուց հետո ասել է, որ իր միտքը ճիշտ չի ձևակերպել քննիչը կամ հետաքննության այլ մարմինները և այլ կերպ են սղագրել իր խոսքը։ Այս նախագծով կբացառվի նման երևույթները,- ընդգծեց նա։
Կառավարությունը նույնպես դրական եզրակացություն է տվել նախագծին։
Մանրամասները՝ տեսանյութում։