Արցախում համաճարակային իրավիճակը վերահսկելի է. նախարար
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը ծնողների հետ մասնակցել է Արցախի նախագահի ընտրության երկրորդ փուլին:
Նա ընդգծեց, որ ծնողների հետ ընտրությանը մասնակցելով՝ ցանկացել է բնակչությանը իրազեկել, որ չնայած իր ծնողները կորոնվիրուսով պայմանավորված՝ ռիսկային խմբում են գտնվում, սակայն վտանգը նվազեցվել է, քանի որ ընտրատեղամասերում պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները:
Արայիկ Բաղրյանը վստահեցրեց, որ ամիսներ շարունակ կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվում, սակայն ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա բոլոր ընտրատեղամասերը ախտահանվել են, իրականացվել են համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ, ինչպես նաև բոլոր ընտրողներին և ընտրատեղամասերի աշխատակիցներին տրամադրվել են անհատական պաշտպանիչ միջոցներ և գրիչներ:
«Ընտրությունների երկրորդ փուլի համեմատ վիրուսի կանխարգելող միջոցառումներն ավելի են խստացվել, և մեր քաղաքացիները կզգան տարբերությունը: Քանի որ առաջին դեպքը ապրիլի 7-ին է հաստատվել, բայց բարեբախտաբար բերովի դեպք էր, և ՀՀ-ի համեմատ Արցախում վիրուսի ներթափանցումը ուշ եղավ, այդ ժամանակը մեզ բավականեցրեց, որ պատրաստվենք վիրուսին: Մենք առողջապահության անձնակազմով և օպերատիվ ձևավորված շտաբի անդամներով կռահում էինք, որ կարող է դեպք արձանագրվել, դրա համար էլ կարճ ժամանակում առաջին վարակված օջախը լոկալացվեց, և միջազգային կանոնակարգի համաձայն՝ մեկուսացում, թեսթավորում և տնային մեկուսացում ապահովեցինք: Այսօրվա դրությամբ ունենք 6 հաստատված դեպք, ունենք 17 մեկուսացված անձինք, 57 թեստավորված փորձանմուշներ ուղարկվել են Հայաստան։ Այս պահին առաջին կոնտակտավորների որոնողական աշխատանքներն են իրականացվում»:
Արայիկ Բաղրյանը Արցախի համաճարակային իրավիճակը գնահատեց վերահսկելի՝ ընդգծելով, որ վարակի տարածումը կանխելու ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակել: