Մի եղեք Հրայր Թովմասյան․Էդմոն Մարուքյանը հիշեց նախկիններին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
ԼՀԿ-ն առաջարկում է, որ համապատասխան անձինք կարող են անարգել տեսակցել ձերբակալվածներին պահելու վայրում եւ կալանավորվածներին պահելու վայրում պահվող անձանց հետ: Ըստ հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանի՝ միշտ խնդիրներ են առաջացել, երբ պատգամավորները այցելել են ՔԿՀ-ներ, միշտ ասվել է, որ կարող են միայն մուտք գործել, շփման և տեսակցության իրավունք չեն ունեցել։
Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում Կառավարությունն առաջարկել է, որպեսզի պատգամավորները, և մնացյալ բարձրաստիճան պաշտոնյաննները կարող են տեսակցել ձերբակալվածներին և կալանավորներին, եթե նրանց նկատմամբ արգելանք չկա։
Կառավարությունն այդ դեպքում երկու առաջարկ է արել, որ պաշտոնյանները իրավունք կունենան նրանց տեսակցել այդ հիմնարկի ղեկավար կազմի ներկայությամբ, կամ էլ պետք է գրավոր դիմում գրեն և սպասեն վարույթն իրականացնող մարմնի պատասխանին։ ԼՀԿ-ն այս առաջարկները չի ընդունել։ Սակայն, ընդունել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի առաջարկը, այն է՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը իրավունք կունենա արգելել որևէ ձերբակալվածի կամ դատապարտյալին տեսակցելը, եթե դրա համար հիմքեր ներկայացնի։
ԲՀԿ-ական պատգամավորները կողմ արտահայտվեցին ԼՀԿ-ի առաջարկությանը։ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ նախկինում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ինքն այցելել է որևէ ՔԿՀ, որտեղ ասել են, որ ընդամենը մուտք գործելու իրավունք ունի ։
«Մենք մտել ենք ՔԿՀ, պետը շատ սիրալիր հրավիրել է իր սենյակ, հյուրասիրել է թեյ, և ասել է՝ այսքանով Ձեր առաքելությունն այս շենքում ավարտվել է»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էլ դեմ արտահայտվեցին։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ ինքը և Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ ցանկացել էին տեսակցել Ժիրայր Սեֆիլյանին, սակայն չէին թողել։ Նիկոլ Փաշինյանը նախագիծ էր ներկայացրել, որով չեն կարող արգելել տեսակցելը ձերբակալվածին կամ կալանավորին, սակայն մերժվել էր։ Էդմոն Մարուքյանը հավելեց նաև, որ այս արգելքը Հրայր Թովմասյանն էր սահմանել, երբ Արդարադատության նախարար էր նշակավել։
«Այն ժամանակ էլ ես, Փաշինյանն ասում էինք՝ այ հարգելի հանրապետականներ, վաղը իշխանափոխություն կլինի, քրեական գործեր կհարուցվեն, ձեզ կնստացնեն, դուք կարիք կունենաք, որ ձեզ այցելենք, բայց ասում էին՝ չի լինի և այդ ձևով մերժում էին։ Սա իմ մոտ դեժավյու է առաջացրել, վաղը չէ մյուս օրն էլի քրեական գործեր են լինելու, հնարավորություն տվեք ձեզ այցելել, այ ձեր ցավը տանեմ»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
Պարոն Մարուքյանին արձագանքեց ԱԺ նախագահը․ «Էդ մեզ սպառնո՞ւմ եք»։ «Մի եղեք Հրայր Թովմասյան»,- «Իմ քայլին» հորդորեց Էդմոն Մարուքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։