Խնդիր չունեմ ո՛չ Մասիս Մայիլյանի, ո՛չ Սամվել Բաբայանի հետ. Արայիկ Հարությունյան
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը համարում է, որ ընտրությունների երկրորդ փուլին մասնակցությունը պասսիվ չէ, իրավիճակին համապատասխան է, քանի որ առաջին փուլը եղել է և՛ պառլամենտական, և՛ նախագահական:
Դիտարկմանը, թե քննադատություններ հնչեցին արտակարգ իրավիճակի պայմաններում ընտրություններ կազմակերպելու համար, Արայիկ Հարությունյանը նշեց, որ քննադատությունների մեջ տեսնում է արհեստական և քաղաքական ենթատեքստ:
«Այս ընտրությունները լեգիտիմության ապացույցն է, որ ժողովուրդը ուզում է ընտրություններ, և մյուս կողմից ինչպե՞ս պետք է հետաձգել: Ես համոզված եմ մենք հաղթահարելու ենք այդ իրավիճակը»:
Դիտարկմանը, թե ինքը կորոնավիրուսից հետո տնտեսական աղետ է կանխատեսել՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ նկատի է ունեցել համաշխարհային տնտեսական աղետ, եթե իրավիճակը տևի երկար:
«Եթե 4 ամսից հետո աշխարհը անցնի բնականոն տնտեսական վիճակի, հեշտ կհաղթահարենք, եթե երկար տևի, պետք է ամբողջությամբ վերանայենք մեր տնտեսությունը և համախմբվելով Հայաստանի իշխանության շուրջ՝ կարող ենք պատվով դուրս գալ»:
Եթե ժամեր անց իմանա, որ հաղթանակն իրենն է, ի՞նչ քայլեր է առաջինը ձեռնարկելու:
«Ես հաղթանակ չեմ համարում․ դա ժողովրդի վստահության քվե է: Ես փորձել եմ ներկայացնել այն ծրագրերը, որը մեզ համար լինելու է առաջնահերթ: Այսինքն, տնտեսության երկու կարևոր ճյուղ՝ գյուղատնտեսություն, որը թույլ է տալու ապահովելու մեր պարենային անվտանգության խնդիրը, երկրորդը շինարարություն, որը կնպաստի տնտեսության զարգացմանը»:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ խորհրդարան անցած ուժերի հետ համագործակցելու է, մի քանի օրից կսկսվեն իր հանդիպումները քաղաքական ուժերի հետ:
«Այս երկրում ես խնդիր չունեմ ո՛չ Մասիս Մայիլյանի և ո՛չ Սամվել Բաբայանի հետ: Հանուն մեր երկրի՝ պատրաստ եմ բոլորի հետ համագործակցել»:
Արցախի Պարետի աշխատանքները Արայիկ Հարությունյանը գնահատեց լավ, քանի որ մինչև այսօր Արցախը կարողանում է դիմակայել վարակին, իսկ դրա մուտքը անխուսափելի էր: