Ամոթալի պատասխան է, ակնկալում եմ շուտափույթ արձագանք քաղաքապետարանից․ Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ ապրիլի 10-ին լրացավ Մարաղայի ցեղասպանության ջարդերի 28-րդ տարելիցը։
Պատգամավորը հիշեցրեց նաև, որ նախորդ տարի մարաղացիները, որոնք հիմա Երևանում են բնակվում, դիմել են իրեն, որպեսզի պատկան մարմինները ուշադրություն դարձնեն իրենց, և հուշատախտակ տեղադրվի, որպեսզի իրենք կկարողանան հարգանքի տուրք մատուցել իրենց հարազատներին։
«Ես նամակով դիմեցի քաղաքապետարան, որպեսզի Ցեղասպանության ինստիտուտի հարակից տարածքում, որտեղ տեղադրված են խաչքարեր Բաքվի զոհերի հիշատակին, տեղադրվի նաև հուշակոթող Մարաղայի զոհերի հիշատակին։ Ցավոք ստացա պատասխան, որ բարոյապես հարմար չէ այդտեղ նման հուշարձան տեղադրելը»,- պատմեց Գևորգ Գորգիսյանը։
Ըստ նրա՝ այս տարի էլ Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոնին են նույն խնդրով դիմել այդ քաղաքացիները։ Կենտրոնը քաղաքապետարանին է դիմել, սակայն պատասխանը կրկին չի գոհացրել։
Նա մեջբերեց քաղաքապետարանից տրված պատասխանը։
«Հայաստանում բնակություն հաստատած զոհվածների հարազատները, փոխելով իրենց բնակության վայրը, պարտադրում են տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց հարմարության համար տեղադրել նոր հուշատախտակ»,- մեջբերեց նա ու հավելեց․
«Կարծում եմ, որ սա ամոթալի պատասխան է։ Հիշեցնեմ, որ Մարաղա գյուղը 92թ․-ից գտնվում է Ադրբեջանի տարածքում, և չի կարելի մեր քաղաքացիներին ուղղորդել գնալ, հարգանքի տուրք մատուցել իրենց քաղաքացիներին Ադրբեջանի տարածք»,- նշեց Գևորգ Գորգիսյանը։ Պատգամավորն ակնկալեց, որ քաղաքապետարանից կարձագանքեն։
Մանրամասները՝ տեսանյութում։