Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է ընտրողների 88 տոկոսը. Արցախի ԿԸՀ նախագահ
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախում, արտակարգ իրավիճակի պայմաններում, նախօրեին անցկացվեց նախագահի ընտրությունների երկրորդ փուլը։
Ըստ քվեարկության նախնական արդյունքների՝ ընտրությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 45 տոկոսը:
ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը տեղեկացրեց, որ Արցախի նախագահի թեկնածու, գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանի օգտին քվեարկել է 5728 ընտրող կամ ընտրողների 12 տոկոսը :
Հիշեցնենք՝ Մայիլյանն ավելի վաղ հայտարարել էր, որ բոյկոտում է ընտրությունների երկրորդ փուլը և հորդորել էր իր ընտրողներին չմասնակցել ընտրություններին:
Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 39 860 հոգի կամ ընտրողների 88 տոկոսը, ինչը 3784 ձայնով ավելին է առաջին փուլի արդյունքներից:
Ընտրատեղամասերից 48-ում տեղադրված են եղել տեսախցիկներ, թեև օրենքը նման պահանջ չի նախատեսում, հայտնեց Սրբուհի Արզումանյանը՝ հավելելով, որ սա հնարավորություն է տվել ընտրողների քվերակության 53 տոկոսի պարագայում իրականացնել դիտարկումներ:
Հիշեցնենք՝ ընտրությունների երկրորդ փուլ էին անցել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Մարտի 31-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով Արայիկ Հարությունյանը հավաքել էր արցախցիների ձայների 49.2տոկոսը, Մասիս Մայիլյանը՝ 26.4 տոկոսը: