Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային ժողով1
A A
Քաղաքականություն

ԱԺ-ն մի շարք օրինագծեր ընդունեց

Ազգային ժողովը մինչ օրակարգի հարցերին անցնել քվեարկության դրեց նախորդ օրը քննարկված նախագծերը։ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ՝ 80 կողմ, 17 դեմ, 17 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է իրավապահներին, ՊԵԿ-ին ու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հասանելի դարձնել բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ ինֆորմացիան։

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 114 կողմ ձայներով ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Կառավարությունն առաջարկում է առևտրային գովազդ տեղադրելու հնարավորություն տալ Հանրային հեռուստատեսությանը՝ մեկ եթերաժամի ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ։

Սակայն, արգելվելու է Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրել վիճակախաղի, ոչ խաղարկությունով վիճակախաղի, խաղարկությունով վիճակախաղի, համակցված վիճակախաղի, գովազդային վիճակախաղի, տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի, գիշերային ակումբների գովազդը։

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ՝ 80 կողմ, 16 դեմ, 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը։ Կառավարությունն այս փաթեթով առաջարկում է, կենսաթոշակների վճարումը ամբողջությամբ անկանխիկ դարձնել։ Սահմանված է նաև, որ եթե կենսաթոշակառուն 75 տարեկան է, կամ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, ապա նրա դիմումի հիման վրա նրա կենսաթոշակը կարող է վճարվել նաև կանխիկ եղանակով։

Կառավարությունն առաջարկել է անկանխիկ եղանակին անցնել փուլերով՝ սկզբում համակարգը կներդրվի Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում՝ 2021 թվականի հունվարի 1-ից։ Աստիճանաբար կընդլայնվի և 2021 թվականի հուլիսի 1-ից այլ քաղաքներում կներդրվի։

1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2022 թվականի հուլիսի 1-ից, իսկ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում մինչև 2023 թվականի հուլիսի 1-ից։ Խորհրդարանն առաջին ընթերցմամբ՝ 114 կողմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում է ազգային, կրոնական տոները կամ հիշատակի օրեր նշելու համար` ոչ ավելի, քան տարեկան չորս օր չվճարվող արձակուրդ տալ։

Նախատեսված արձակուրդի տրամադրման համար գործատուն կարող է գրավոր պահանջել աշխատողից գրավոր հիմնավորում:

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 115 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը։ Նախատեսվում է «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճար տալ, որի կարգը և չափը սահմանում է Կառավարությունը։

Երեկ խորհրդարանում օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, Աշխատանքի և սոցիլական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանն ասաց՝ պատվովճարի չափը 40 000 դրամ է։