Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ներկայացվել է Հալաբյանին հարակից բնակելի համալիրի կառուցման առաջարկը (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Ռենովեյշն փրոջեքթ մենեջմենթ քամփնի» ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպման շրջանակում քաղաքապետին է ներկայացվել Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման առաջարկը: Համաձայն էսքիզային նախագծի՝ նախատեսվում է հինգ բազմահարկ շենքի կառուցում, ինչն ամբողջությամբ կլուծի նաև նշյալ տարածքում առկա վթարայնության աստիճան ունեցող վեց շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը:

Առաջարկվող նախագծով, ի դեպ, շենքերի կառուցումից հետո միայն կսկվի վերաբնակեցումը: Նախատեսվում է, որ բնակիչներին նորակառույց բազմաբնակարաններում կտրամադրվեն իրենց բնակմակերեսին համապատասխան վերանորոգված բնակարաններ, ավտոտնակներ ունեցողներն էլ ստորգետնյա ավտոկայանատեղիներում կստանան տարածքներ:


Քաղաքապետ Հայկ Մարությանը կարևորել է ծրագրի սոցիալական բաղադրիչը, որը կնպաստի Հալաբյան փողոցում առկա վթարայնության աստիճան ունեցող շենքերում ապրող բնակիչների՝ ապահով, անվտանգ ու հարմարավետ պայմաններում ապրելու խնդրի լուծմանը:

Բացի այդ, շուրջ 35000 քմ տարածքից միայն շուրջ 6000 քմ է լինելու կառուցապատման ենթակա, մյուս հատվածներն ամբողջությամբ բարեկարգվելու են, կանաչապտվելու և դառնալու են ընդհանուր օգտագործման հանրային տարածքներ: Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ համայնքը կանգնած է բոլոր այն ներդրողների ու կառուցապատողների կողքին, ովքեր քաղաքի բարեկարգմանը զուգահեռ լուծում են նաև սոցիալական կարևոր խնդիրներ:

Առաջիկայում ծրագիրը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը: