Իշխանությունների նկատմամբ լայնածավալ հարձակում է սկսվել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ԱԺ ամբիոնից դիմեց քաղաքացիներին։ Փոխխոսնակը նկատեց, թե այս օրերին իշխանությունների նկատմամբ լայնածավալ հարձակում է սկսվել։ Ալեն Սիմոնյանը դա պայմանավորեց Ապօրինի գույքի բռնագանձման մասին, Հանրային հեռուստատեսությանը գովազդի ժամի տրամադրման մասին և այլ օրենքների ընդունմամբ, ինչպես նաև այն քրեական գործերով, հետախուզումներով, որոնք հայտարարվում են մասնավորապես «նախկին կարկառուն գործիչների նկատմամբ»։
«Այդ ամենն արվում է, որպեսզի այս իրավիճակն օգտագործեն՝ իշխանությանը վարկաբեկելու համար։ Ներկայացնելու այն ամենը, ինչը իրականում գոյություն չունի»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։
Ալեն Սիմոնյանը հորդորեց չհավատալ կեղծ ինֆորմացիաներին։
«Տեղի չտալ սին ինֆորմացիաներին, կոնտեքստից կտրված բառակապակցություններին, այն մարիոնետկաներին, որոնք Միքայել Մինասյանի հեռուստաալիքներով, կայքերով ելույթ են ունենում, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ֆեյքերին և մնացյալ մարդկանց, որոնք վարձատրվում են ՀՀ-ի գողացված փողերով, որպեսզի ստեղծեն այն մթնոլորտը, որը փորձում են ստեղծել։ Իշխանությունը եղել է ՀՀ ժողովրդի մի մաս և մնալու է մի մասը, իսկ այն բոլոր մարդիկ, որոնք գողացել են, հանցագործություն են արել, պատժվելու են»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։