ՀԴՄ-ների կիրառությունը պարտադիր կլինի շրջիկ առևտրի կետերի համար․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԽորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
Իշխող ուժի պատգամավորն առաջարկում է ՀԴՄ-ների կիրառելիությունը պարտադիր դարձնել նաև շրջիկ առևտրի կետերի համար։
«Նախկինում այս բացակայությունը որոշակի խնդիրներ էր առաջացնում, և անորոշություն կար, և մենք այդ անորոշությունը վերացնում ենք»,- ասաց Գևորգ Պապոյանը։
Նախատեսվում է, որ շրջիկ առևտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնող կամ բնակչությանը ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնի) վրա պետք է տպված լինի նաև՝ ապրանքի անվանման և ապրանքային դիրքի, ծառայության անվանման եւ կոդի, գնվող ապրանքի քանակի, դրա չափման միավորը։
Օրինագծով առաջարկվում է ՀԴՄ-ի վրա տպել նաև շրջիկ առևտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելու դեպքում՝ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու (հաշվառման) վայրի հասցեն, ավտոմոբիլի և (կամ) դրա կցորդի (կիսակցորդի) մակնիշը և հաշվառման համարանիշը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայելը Մելքումյանը հետաքրքրվեց, թե ՀԴՄ-ներ տպելը համատարա՞ծ պիտի լինի, օրինակ, եթե ճանապարհին եգիպտացորեն են վաճառում, պետք է ՀԴՄ տպվի՞։
«Իմ մոտեցումն այն է, որ բոլոր դեպքերում պետք է շրջանառությունը արձանագրենք, բայց, իհարկե, պետք է հասկանալ, որ դա միկրոձեռնարկատիրություն է լինելու, և շրջանառությունը 24 մլնի չի հասնելու, և մարդիկ հարկեր չեն վճարելու»,- ասաց Գևորգ Պապոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։