Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ո՞ր դեպքում հետաքննության մարմինը կարող է հարկային ստուգումներ նշանակելու վերաբերյալ որոշում ընդունել (տեսանյութ)

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանի՝ առաջարկվում է հիմնավոր և նպատակային պայմաններ ստեղծել համալիր հարկային ստուգումների իրականացման համար, որոնք նշանակվում են հետաքննության մարմնի կամ քննիչի որոշմամբ։ Էդվարդ Հովհանիսյանն ասաց, որ առկա կարգավորումներով հետաքննության մարմնի կամ քննիչի կողմից կայացրած որոշումները ենթական են պարտադիր կատարման։

Դրանք պետք է լինեն պատճառաբանված, սակայն ըստ նրա՝ օրենսդրական որևէ կարգավորում չկա պատճառաբանվածություն չափանիշների վերաբերյալ։

«Պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ նման որոշումները բավարար չափով հիմնավորված և պատճառաբանված չեն լինում»,- նշեց Էդվարդ Հովհաննիսյանը։

Այդպիսով հետաքննության մարմինը և քննիչը որոշում են ընդունում կատարելու ստուգումներ, վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ, եթե առկա են քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալներ այն մասին, որ քրեական գործով ապացուցման ենթակա մի շարք հանգամանքներ (հանգամանք) կարող են հերքվել կամ հաստատվել տվյալ ստուգմամբ, վերստուգմամբ, գույքագրմամբ կամ այլ ստուգողական գործողությամբ:

Կայացված որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է դատախազին, որի օրինականությունը ենթակա է ստուգման 7 օրյա ժամկետում: Օրինագիծը Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել։

Մանրամասները՝ տեսանյութում։