Հենրիխ Մխիթարյանը՝ Ա սերիայի արդյունավետ խաղացողների ցանկում
Աջակցիր «Ա1+»-ինԻտալական La Gazzetta dello Sport թերթը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր չնայած քիչ հանդիպում են անցկացրել Ա սերիայի ընթացիկ առաջնությունում, սակայն աչքի են ընկել բարձր արդյունավետությամբ: Այդ խաղացողների շարքում տեղ է զբաղեցրել նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Ըստ աղբյուրի, Հռոմի «Ռոմայի» հայազգի կիսապաշտպանն իր օգտակար գործողություններով չի զիջում Ա սերիայի առաջատար խաղացողներին: Նա 813 րոպե է անցկացրել խաղադաշում, որի ընթացքում խփել է 6 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում և ստեղծել 15 գոլային պահ: Ա սերիայի վերջին երկու խաղերում հայ ֆուտբոլիստը ցույց է տվել 2+2 արդյունք:
Հեղինակի կարծիքով, եթե Հենրիխ Մխիթարյանին հաջողվի պահպանել մարզավիճակը և շարունակի արդյունավետ խաղալ, ապա «Ռոման» միանշանակ կարող է պայքարել չեմպիոնների լիգայի ուղեգրի համար: Ըստ նրա, հայ ֆուտբոլիստի առավելություններից մեկը նաև այն է, որ նա տեխնիկապես շատ լավ է պատրաստված, որով կարողանում է խաղի վերջում կոմպեսացնել հոգնածությունը:
La Gazzetta dello Sport-ի սույն ցանկում տեղ են զբաղեցրել նաև ուելսցի Աարոն Ռեմսին («Յուվենթուս»), արգենտինացի Խակիմ Կորեան («Լացիո»), իտալացի Ստեֆանո Սենսին («Ինտեր»), ուկրաինացի Ռուսլան Մալինովսկին («Ատալանտա»), իսպանացի Ֆաբիան Ռուիսը («Նապոլի») և թուրք Հական Չահլանօղլուն («Միլան»):