Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Անմակարդակ արշավ է սկսվել Հայ առաքելական եկեղեցու դեմ․ սա կասեցնել է պետք․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը շարունակում է բարձրաձայնել ուսանողների վարձավճարների խնդրի մասին։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ պատգամավորը կրկին դիմեց Կառավարությանը, որպեսզի գործադիրը առնվազն 25 տոկոսով զեղչի ուսանողների վարձերը։

«Սա անհրաժեշտ ու պարտադիր քայլ է։ Ծնողները չեն աշխատում հայտնի պատճառներով, սա վերաբերում է հազարավոր ուսանողների։ Մենք առաջիկայում պատրաստվում ենք գրավոր այդ առաջարկը ներկայացնել Կառավարությանը»,- ասաց նա։

Ապա Նաիրա Զոհրաբյանը առևտրային բանկերին հորդորեց խոչընդոտներ չստեղծել գյուղացիական վարկեր ստացող քաղաքացիների համար։ «Դրանով դուք ուղղակիորեն վնասում եք այն բոլոր ծրագրերի իրականցմանը, որը նախատեսված է այս ֆորսմաժորային իրավիճակում»,- նշեց նա։

ԲՀԿ-ական պատգամավորն այսքանով չսահմանափակվեց։ Կառավարությունից պահանջեց լուծել չգրանցված, օրավարձով աշխատող քաղաքացիների խնդիրը։

«Նրանք մեղավոր չեն, որ տնտեսվարողները այս կամ այն պատճառներով նրանց չեն գրանցել։ Նրանք այսօր գտնվում են ծայրահեղ սոցիալական վիճակում»,- նկատեց տիկին Զոհրաբյանը։

ԲՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի վերջերս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նաիրա Զոհրաբյանը նախ ընդգծեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ի համար քննարկելի չէ Վեհափառի հայտարարությունը, դրա հասցեատերը դատարանն է։

«Իսկ այն կեղտոտ, անմակարդակ արշավը, որը սկսվել է Հայ առաքելական եկեղեցու դեմ, ուղղակի համարում եմ կազմաքանդող։ Սա կասեցնել է պետք։ Չի կարելի»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ մեկնաբանություն էր արել, ինչին արձագանքել էր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որից հետո սոցիալական հարթակներում բուռն քննադատություններ սկսվեցին թե՛ Վեհափառի, թե՛ ԱԺ փոխխոսնակի հայտարարությունների շուրջ։

Պատգամավորից հետաքրքրվեցին նաև, թե Արցախի Հանրապետությունը 4-րդ նախագահ ընտրեց, բայց ԲՀԿ-ն հայտարարություն չարեց, ի՞նչով է պայմանավորված, ինչին ի պատասխան Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Իսկ Դուք ի՞նչ գիտեք, որ պարոն Ծառուկյանը չի շնորհավորել Արայիկ Հարությունյանին։ Վստահեցնում եմ, որ նախագահական ընտրությունից հետո Գագիկ Ծառուկյանն ու Արայիկ Հարությունյանը զրույց են ունեցել, և պարոն Ծառուկյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին»։

Մանրամասները՝ տեսանյութում։