Ջանջուղազյանը Սերժ Սարգսյանի «մնացորդ» կարո՞ղ է համարվել, թե՞ ոչ․ Էդմոն Մարուքյան
Աջակցիր «Ա1+»-ին«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ին արված տեսաուղերձից առաջ կադրերի հրապարակումը և այդկերպ վարչապետին ծաղրելու փորձը։
ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ կադրերի արտահոսքը վկայում է այն մասին, որ Կառավարությունը չունի այնքան կարողություններ, որ զգայուն ինֆորմացիան պահպանի։
Պարոն Մարուքյանը համեմատություն անցկացրեց կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորների շրջանակը պարզելու նպատակով հեռախոսազանգերը ֆիքսող համակարգի և տեղի ունեցածի միջև։
«Հիմա պարետատան տեղեկությունները, որոնք հազարավոր քաղաքացիների տեղորոշման տվյալներ են մշակվում, ինչ իմանանք՝ վաղն ում ձեռքն է ընկնելու, ում են ծաղրելու, ում դեմ են օգտագործելու»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն անդրադարձան նաև Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերին, որում վարչապետը խոսում էր պետական համակարգում մնացած «Սերժի մնացորդներ»-ի և «վնգստացող դատավորների» հերթի գալու մասին։ Մարուքյանը հիշեցրեց, որ ամիսներ առաջ ինքը հայտարարել էր, որ վարչապետն ազատվի Սերժ Սարգսյանի կադրերից, սակայն թեման փակվեց, և որևէ անդրադարձ չեղավ։
«Հարցեր ունեմ, օրինակ՝ Ջանջուղազյանը Սերժ Սարգսյանի «մնացորդ» կարո՞ղ է համարվել, թե՞ ոչ, կարող եմ թվարկել բոլոր նրանց, որոնք այդ ժամանակ աշխատել են։ Կամ Շրջակա միջավայրի նախարարը, մենք նրանց անվստահություն ենք հայտնել, բայց նրանց իրենք պահպանել են»,- նկատեց պարոն Մարուքյանը, ապա հավելեց, թե այդ մարդիկ չե՞ն վիրավորվում, որ իրենց մասին նման հայտարարություններ են անում ու շարունակում են աշխատել։
«Էդ մթնոլորտում հնարավո՞ր է արդյունավետ աշխատանք տանել, միգուցե վիրավորվել են և այնպիսի փաթեթներ են հաստատում, որը ձախողման է տանում այս Կառավարությանը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է դատավորներին, խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ընդգծեց, որ իշխանության ներկայացուցիչները պետք է զգուշավոր լինեն նման ձևակերպումներ օգտագործելիս։
«Եթե Բարձրագույն դատական խորհուրդը այսօր, վաղը այդ հայտարարություններին չարձագանքի, մենք բավարար հիմքեր կունենանք կասկածելու, որ ԲԴԽ-ն իր սահմանադրական պարտականությունները չի կատարում։ Եթե այդպիսի դատավորներ կան, ուրեմն ԲԴԽ-ն գործառույթներ ունի, պետք է օր առաջ նրանք հեռացվեն այդ համակարգից»,- ասաց Տարոն Սիմոնյանը։