Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դիմում եմ գյուղապետերին, որ սթափվեն, թույլ չտան՝ գյուղացին արհեստական խնդիրներ ունենա. Ռուստամ Բաքոյան (տեսանյութ)

Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Արարատի մարզի  ֆերմերների խնդիրներին, ովքեր դեպի Ջերմուկի սարեր տեղաշարժի ընթացքում դժվարությունների են հանդիպում:

Բաքոյանը տեղեկացրեց, որ Արարատի մարզում տարեկան երկու անգամ խոշոր և մեկ անգամ  մանր եղջերավոր անասուններից վերցվում է արյան անալիզ, սակայն Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցների համար սա հիմք չի հանդիսանում, որպեսզի թույլ տան՝ նրանք անցնեն և հասնեն Ջերմուկի սարեր:

Պատգամավորն ասաց, որ նման խնդիր չպիտի առաջանա, անասնաբույժների կողմից տրված թուղթը պիտի ընդունեն Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցները:

«Հենց այսօր էլ ահազանգ եմ ստացել ֆերմերներից, ովքեր հասել են Վայոց ձոր, և այստեղ էլի անհարմարություներ են ստեղծվում։ Հենց Վայոց ձորի մարզպետարանի գյուղվարչության պետի հետ մեր փորձագետը խոսել է և տեղեկացրել, որ ինքը իրավունք չունի նման քայլեր ձեռնարկելու»:

Բաքոյանի խոսքով՝ Վայոց ձորի մարզպետարանից ասել են, որ կենդանիների հիվանդությունները Արարատի մարզից են իրենց մարզ փոխանցվում, և իրենք անալիզի և պլոմբավորման անհրաժեշտություն չունեն, ինչը, ըստ Բաքոյանի, տրամաբանական եզրակացություն չէ:

Պատգամավորը կոչ արեց Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին զերծ մնալ արհեստական խնդիրներ առաջացնելուց:

Նաև հավելեց, որ յուրաքանչյուր ֆերմեր 100-150 հազար ծախս է տեսնում, որպեսզի իր անասունները պլոմբավորի, բայց սա պետական միջոցառում է և պետք է արվի պետական ֆինանսավորմամբ:

Բաքոյանը ֆերմերներին հորդորեց արյան  անալիզի միջոցառումները կազմակերպել կենդանիների միայն  50 տոկոսի համար, պլոմբավորում ընդհանրապես չանել:

Անդրադարձավ նաև գյուղապետերին, ասաց, որ շատ  քաղաքացիներ դիմել են և գյուղապետերի անօրինական գործունեության մասին են հայտնել, երկու դեպք Արարատի մարզում է հենց.

«Դիմում եմ գյուղապետերին, որ սթափվեն և իրենց համայնքում առաջացած խնդիրները լուծեն,  թույլ չտան, որ գյուղացին արհեստական խնդիրներ ունենա: Երկու դեպքերի մասով էլ լկտի պահվածք կա, ես դիմել եմ իրենց և հույս ունեմ, որ այս խնդիրները կլուծվեն, և կարիք չի լինի, որ մենք շարունակենք զբաղվել դրանցով»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում