2020 թվականին կունենանք 1200 հեկտար ոռոգվող հողատարածքներ. Համլետ Ապրեսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության բուսաբուծության համալիր զարգացման շրջանակներում տրամադրվում է 11 տեսակի գարնանացան մշակաբույսերի սերմեր, դրանք են՝ եգիպտացորենը, հնդկացորենը, արևածաղիկը, կտավատը, սոյան, ոլոռը, սիսեռը, լոբին և բազմամյա կերային խոտաբույսերը. տեղեկացնում է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը:
Նրա հավաստմամբ, այսօրվա դրությամբ Արցախի Հանրապետությունում ունենք գարնանացան մշակաբույսերի շուրջ 10 հազար հեկտար, ծրագրվում է հասցնել 20-23000 հեկտարի՝ առանց հասկավոր հացահատիկային և բանջար բոստանային մշակաբույսերի:
Վիլեն Ավետիսյանը անդրադարձավ աջակցության ծրագրերին, նշեց, որ 2020 թվականի բուսաբուծության համալիր ծրագրի շրջանակներում ընդգրկված է երկու ուղղվածություն՝ այգեգործությունը և դաշտավարությունը: Վերանայվել է նաև չջեռուցվող ջերմոցների համար տրամադրվող աջակցության ծրագրերը:
«Դաշտավարության ճյուղում աջակցություն է տրամադրվում բանջարաբուծության և ծխախոտագործությամբ զբաղվողներին: Այգեգործության ոլորտը երկու փուլով է իրականացվում, առաջինը՝ գարնանը նռան տնկիների տրամադրումն է: Արդեն 104 հեկտարի համար տրամադրված են տնկիներ և գրեթե այդքան էլ տնկված են, ծրագիրը շարունակվում է: Երկրորդ փուլը տարբեր պտղատեսակների տրամադրումն է, որը նախատեսում է աշնանը տնկիները տրամադրել գյուղամերձ տարածքների համար»:
ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Համլետ Ապրեսյանը նշեց, որ ոռոգման ենթակառուցվածքների հիմնանորոգման և արդիականացման նպատակով Արցախի պետական բյուջեից վերջին տասնամյակում մի քանի մլրդ դրամ է ներդրվել, որի արդյունքում վերագործարկվել է երեք ջրամբար, կառուցվել՝ պոմպակայաններ: 2019թվականի վերջին 8000-ից ավել տարածք է ոռոգվել:
«2019 թվականին կատարված աշխատանքների արդյունքում, 580 հեկտար անջրդի հողատարածքներ ապահովվել են ոռոգման ջրով: 2020 թվականին կունենանք 1200 հեկտար նոր ոռոգովի հողատարածքներ: Տարբեր համայնքներում իրականացվում է աղբյուրների մաքրման ու վերականգման աշխատանքներ: Ավարտվել է նաև ԱՀ-ում ջրային համակարգերի գույքագրման, չափագրման, հողահատկացման և հատակագծի հաստատման աշխատանքները»:
Համլետ Ապրեսյանը տեղեկացրեց, նաև որ Արցախի Հանրապետությունում գործում է ոռոգման ջրախնայողական տեխնոլոգիաների և ծխախոտի բանջարեղենի մշակության համար ներդրման աջակցության ծրագիր: Նոր հիմնադրվող և մինչև մեկ հեկտար տնկված այգիներին հատկացվում է տեխնոլոգիների տրամադրում, արժեքի 50 տոկոսի չափով անհատույց և 50 տոկոսի չափով անտոկոս փոխառության միջոցով: