Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱԺ-ն քննարկում է ներդրողներին հավելյալ արտոնություն տալու հարցը (տեսանյութ)

Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 21-ին, արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում երկու նախագիծ է՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում  փոփոխություն և լրացում կատարելու մասին»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ընդգծեց, որ երկու նախագծերն էլ ունեն հակաճգնաժամային նշանակություն և միտված են բիզնեսին հավելյալ հնարավորություն  տալուն:  Պատգամավորն առաջարկեց հարցն ընդունել 24-ժամյա ռեժիմում, առաջարկն ընդունվեց միաձայն:

Բուն նախագծի մասին Թունյանն ասաց.

«Այսօր գործող հարկային կարգավորումներով, եթե տնտեսվարողը ներդրումներ է կատարում, այսինքն՝ սարքավորումներ է գնում,  շենք- շինություններ է գնում կամ կառուցում, ինքը չի կարող այդ ծախսը տվյալ տարում ծախսագրել, առանձին խմբերի համար կան սահմանված նվազագույն ժամկետներ, օրինակ՝ արտադրական սարքավորումների համար 5 տարի է, շենք-շինությունների համար՝ 20 տարի, համակարգիչների համար՝ 1 տարի, եթե ինչ-որ մեկը 1 մլն դոլար արժողությամբ հոսքագիծ է գնել, չի կարող հենց նույն հարկային տարում այդ մեկ մլն դոլարի ծախսը ծախսագրել և ըստ այդմ՝ ավելի քիչ շահութահարկ վճարել, Հարկային օրենսգրքում այդ կանոնից կա մի բացառություն՝ Կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի մասով տնտեսվարողը կարող է ինքնուրույն որոշել, թե սարքավորումների և անշարժ գույքի մասով ինչ ժամկետում կարող է այդ մասնատումները կատարել»:

 Բաբկեն Թունյանն ասաց՝ առաջարկում են, որ այդ նույն արտոնությունները տարածվեն նաև բոլոր մնացած տնտեսավորղների վրա, եթե նրանք այդ ներդրումները կկատարեն մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը:

Սա, ըստ Թունյանի, դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցադրմանն ի պատասխան՝ ասաց, որ ոլորտային սահմանափակումների հարցը քննարկվել է, բայց սահմանափակումներ չեն ներդրվի:

Ինչ վերաբերում է արդյունավետությանը, պատգամավորն ասաց, որ ներդրումները խթանող ազդեցություն են ունենալու, քանի որ ներդողներին հնարավորություն է տրվում անձամբ կառավարելու սեփական ֆինանսական հոսքերը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը առաջարկեց ներառել նաև ոչ ռեզիդենտ ներդրողներին: Առաջարկեց նաև տնտեսության ճգնաժամային իրավիճակից ելնելով՝ նախագծում մատնանշված ժամկետը երկարաձգել: 

Ի պատասխան Բաբկեն Թունյանն ասաց, որ այս արտոնությունից հիմնականում օգտվեու են այն մարդիկ, ովքեր ի սկզբանե որոշել էին ներդրում կատարել, սա լրացուցիչ հավելյալ գործոն է՝ ներդրողներին խթանելու համար: