Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վանաձոր ՔԿՀ-ից ահազանգ ենք ստացել․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տեղեկացրեց, որ ինքն ու պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հենց նոր Վանաձոր քրեակատարողական հիմնարկից ահազանգ են ստացել, որ 20 անձ դիմել է հացադուլի՝ կապված դատավարական գործընթացների երկարաձգման խնդրի հետ

«Ես որպես իրավաբան հայտարարում եմ, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ մարդու կյանքն ու առողջությունը բացարձակ իրավունքներ են, ենթակա չեն սահմանափակման որևէ պատճառով, որևէ դեպքում, այդ թվում նաև ելնելով նրանից՝ մարդն ազատությա՞ն, թե՞ անազատության մեջ է գտնվում»,-ասաց Գևորգ Պետրոսյանը:

Պատգամավորը իրավասու մարմիններին հորդորեց արագ արձագանքել և  պարզել հացադուլ հայտարարելու պատճառները, հանգամանքները ու խնդրին արագ լուծում տալ։

«Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է այն անձանց, ովքեր ոչ թե դատապարտյալ են, այլ դեռ մեղադրվում են ու որոնց ուղեկցել և ուղեկցում է անմեղության կանխավարկածը»,-ընդգծեց Պետրոսյանը: 

Նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ պնդեց, որ հացադուլավորներն ավելանալու են, եթե րոպե առաջ, ժամ առաջ քայլեր չձեռնարկվեն

 «Արմավիր քրեակատարողական հիմնարկում էլ 12 դատապարտյալ գրավոր դիմել են ինձ և հիմնարկի պետին, հրաժարվում են ՔԿՀ սնունդից: Անհասկանալի է՝ եթե ծնողներին թույլ չեն տալիս հանձնուքով  միրգ և քաղցրավենիք փոխանցել, այդ դեպքում ինչո՞ւ են թույլ տալիս՝ այն կալանավորը, ով ունի քարտ, քրեակատարողականի կողքի բուդկայից նույն միրգն ու քաղցրավենիքն առնի: Այնսինքն՝ այստեղ կա ակնհայտ անհամաձայնություն:  Ծնողների հանձնուքից միրգը հանում են, ասում են՝ մենք միրգ տալիս ենք, բայց տալիս են երկու-երեք օրը մեկ՝ մի հատ խնձոր»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ իրեն դիմում են հղի կանայք կառավարության կողմից հղի կանանց տրվող աջակցության ծրագրի վերաբերյալ.

«Իմ համոզմամբ՝ հղիների մասով ծրագիրը ինչ-որ «կիսահղի» ծրագիր է: Ակնհայտ անհամաչափություն կա, ուսուցչուհի է հղի, 27 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ինքը չի համարվում շահառու, հարևանը, որ պայմանագրային զինծառայող է, 170 հազար դրամ աշխատավարձ է ստանում, նրա կինը համարվում է շահառու, այսինքն՝ եկեք այս հարցում ևս տարբերակված մոտեցում չցուցաբերենք»,- ասաց նա: