«Երկու շաբաթ հետո Վանաձորում կորոնավիրուսի լուրջ թվեր կարող ենք ունենալ» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ արտահերթ նիստի ընթացքում անդրադարձավ Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասի աշխատակիցների բողոքի ակցիային:
«Ապրիլի 11-ին ուղիղ եթերում վարչապետը ասաց, որ ապրիլի 20-ից տեքստիլ ոլորտը կվերագործարկվի, և մարդիկ կսկսեն աշխատել, որից հետո ապրիլի 15-ին Խորհրդարանում իմ հարցին ի պատասխան վերահաստատեց։ Վանաձորում «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները երեկ գնում են աշխատանքի, ոստիկանությունը գնում է և այս մարդկանց նկատմամբ սկսում է վարչական արձանագրություններ կազմել և տուգանել: Արդյունքում ունենք իրավիճակ, որ պարետատան մակարդակովէ նույն հայտարարությունն արվել է, բայց մարդիկ գնում են աշխատանքի, մարդկանց սկսում են տուգանել: Այն մարդիկ են, ովքեր որևէ սոցիալական ծրագրով աջակցություն չեն ստացել: Ժողովրդի ասած՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում»:
Մարուքյանի խոսքով՝ ստեղծվել է քաոսային իրավիճակ, տեղաշարժման թերթիկն էլ դարձել է անիմաստ բյուրոկրատիա, թուղթը չունեն, 100 հազար դրամ տուգանում են:
Մարուքյանը նշեց, որ խոսքը 2600 մարդու մասին է, ովքեր հացի փող աշխատելու խնդիր ունեն, հորդորեց նաև երեկ կազմված արձանագրությունները չեղարկել:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ևս անդրադարձավ Վանաձորի դեպքին: Պատգամավորն արձանագրեց՝ մարդիկ հավաքված են մի տեղ և պահանջում են աշխատանք.
«Վրաստանում աշխատանքը չի վերահսկվում այնպես, ինչպես մեզ մոտ, որովհետև նրանք հասցեական ձևով չգիտեն, թե որտեղից է գալիս վարակը, մենք կարող ենք հայտնվել այդպիսի իրավիճակում: Այն, ինչ մենք տեսանք երեկ Վանաձորում, կարող է այդպիսի իրավիճակ ստեղծել մեր մեծ քաղաքում»:
Ըստ Իգիթյանի՝ երկու շաբաթ հետո մենք Վանաձորում կորոնավիրուսի լուրջ թվեր կարող ենք ունենալ:
Հիշեցնենք, որ երեկ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները գործարան էին գնացել, պահանջում էին աշխատել: Աշխատակիցներին բարկացրել էր այն, որ ֆաբրիկայի ղեկավարությունը որոշել է ևս 1 ամսով երկարացնել աշխատանքի դադարը։ Դեպքի վայր էին ժամանել նաեւ ոստիկանները։ Աշխատակիցներից մի քանիսը բերման են ենթարկվել։