Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Տնտեսություն

Առաջարկվում է հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժերը կրկնակի նվազեցնել (տեսանյութ)

Ազգային ժողովի արտահերթ նիստը շարունակվում է․ օրակարգում երկու հարց է՝ պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է տնտեսվարողների կողմից հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժերը կրկնակի նվազեցնել, հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի փոփոխման մասին է խոսքը:

«Հիմա առաջարկվող տույժի սահմանագիծը համարյա կրկնակի իջեցվում է, 14,6 տոկոս է։ Սա շատ կարևոր դրույթ է, որովհետև այն հարկային պարտավորությունները, որոնք չեն կատարվել՝ պայմանավորված այս ճգնաժամային իրավիճակով՝ տույժերը կրկնակի քիչ կհաշվարկվեն»,- նշեց Մելքումյանը։

Գործող օրենսգրքով կա նաև կարգավորում, որ եթե 500 հազար դրամից ավելի հարկային պարտավորություն է կատարում տնտեսվարողը, հարկային մարմնի ղեկավարը կարող է արգելանք դնել: Վերջին երկու տարիների ընթացքում, ըստ Մելքումյանի տվյալների, տնտեսվարողների 10 տոկոսը այս արգելանքի տակ է եղել:

Պատգամավորն առառաջարկում է այդ շեմը դարձնել 1.5 մլն դրամ: Ընդգծեց, որ սա հարկային արձակուրդի պես մի բան է, և տնտեսվարողների բեռի էական թեթևացում է:

«Ես հունվարին առաջարկել էի, որ 500 հազարի շեմը բարձրացնենք 5 միլիոնի։ Կառավարությունը տվել էր բացասական եզրակացություն, այդ ժամանակ մենք գնացինք 1,5 միլիոնի շեմի սահմանման։ Տրամաբանությունը հետևյալն է փոքր ու միջին բիզնեսի տարեկան շրջանառությունը չի անցնում 58 միլիոնից, իսկ քանի որ նրանք շրջանառության հարկ վճարողներ են, և 67 հազար շրջանառության հարկ վճարող ունենք, եթե միջինացնում ենք այդ 1,5 միլիոն դրամը, մոտավորապես փակում է ՓՄՁ-ների մեծ մասի տարեկան գեներացրած հարկերը։ Այսինքն՝ սա մի տեսակ հարկային արձակուրդի նման մի բան է, որ դու քո հարկը չես կարողանում վճարել, հետաձգվում է, բայց տույժերը հաշվարկվելու է կիսով չափ»,- ընդգծեց Մելքումյանը։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ ասաց, որ Կառավարությունը առաջարկին կողմ է: