Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդմոն Մարուքյան
A A
Քաղաքականություն

Ես հավատում եմ ՀՀ արտգործնախարարին. Մարուքյանը՝ Լավրովի հայտարարության մասին (տեսանյութ)

«ՀՀ արտգործնախարարը հերքեց, թե սեղանին որևէ փաստաթուղթ է դրված․ հարց է առաջանում՝ ո՞ր արտգործնախարարին հավատալ: Ես հավատում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարին»:

Այս մասին Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների սեղանին փուլային տարբերակ է դրված:

Մարուքյանը կարծում է, որ  ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանումներ պետք է պահանջի ՌԴ արտգործնախարարությունից, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ պետք է անդրադառնա հարցին, հստակ հերքի տեղեկությունը, որպեսզի շահարկումներ չլինեն:

«Ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում կարող է լինել իշխանություն, որը կարող է գնալ այնպիսի զիջումների, որոնք ներկայացվում են նշված փաստաթղթի շրջանակներում»,- ընդգծեց Մարուքյանը:

Ինչ վերաբերում է գազի սակագնին, Մարուքյանը նշեց, որ ՀՀ-ն, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, ՌԴ ռազմավարական գործընկեր, պետք է ունենա գազի հնարավորինս էժան սակագին:

Արտակարգ դրության երկարացման վերաբերյալ հարցադրմանն ի պատասխան՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը կրկին նշեց, որ այն երկարացնելու կարիք չկար, և սահմանափակումները պետք է պահպանվեին մի շարք հաստատություններում, մնացած դեպքերում՝ թուլացվեին:

 «Հիմա մենք ունենք իրավիճակ, որ և՛ տնտեսությունն ենք կործանում, և՛ առողջապահական իմաստով կանգ չունենք, վարակը շարունակվելու է, հետևաբար պետք է սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում»: 

Ըստ Մարուքյանի՝ Կառավարությունը հաստատել է աջակցության 14 ծրագիր, որոնք հնարավորինս բարդացված են, որ հանկարծ «որևէ ունևոր չկարողանա օգտվել»։ Բայց արդյունքում սոցիալական վատ վիճակում գտնվող հազարավոր մարդիկ աջակցություն չեն ստանում: 

«Խոսակցություններ կան, որ ընկերությունները, որոնց աշխատակիցները աջակցություն են ստացել, ասում են՝ աշխատակիցների գումարը կպահեն: Պետք է հստակ հսկողություն իրականացնել նաև սոցիալական աջակցության հարցերում»,- ասաց նա։