Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Տնտեսություն

Տնտեսվարողներին արտոնություններ տալու վերաբերյալ նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունվեցին (տեսանյութ)

Այսօր ԱԺ արտահերթ նիստում 111 կողմ, 0 դեմ , 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է արտոնություններ տալ ներդրողներին:

Նա ներկայացրեց, որ այսօր գործող հարկային կարգավորումներով եթե տնտեսվարողը ներդրումներ է կատարում, այսինքն՝ սարքավորումներ է գնում կամ շենք-շինություններ է գնում կամ կառուցում, ապա չի կարող այդ ծախսը միանգամից տվյալ տարում ծախսագրել։ Ներկա պահին հարկային օրենսգրքում այդ կանոնից կա մի բացառություն։ Այն վերաբերում է կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերին։ 

Այս դեպքում սարքավորումների ու անշարժ գույքի մասով ինքնուրույն է որոշվում վճարումների ժամկետը։ 

Փոփոխությամբ առաջարկվում է այս նույն արտոնությունը կամ հնարավորությունը տարածել բոլոր տնտեսվարողների վրա, եթե նրանք այդ ներդրումները կկատարեն մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը:

Նախատեսված էր նախագիծն ընդունել 24 ժամյա ռեժիմում: Առաջարկը Բաբկեն  Թունյանը հետ վերցրեց, որպեսզի մեկ անգամ ևս քննարկվեն նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկները:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծին։

Նախագծի նպատակը կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքների, կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելն է:

Մելքումյանն առաջարկում էր  տնտեսվարողների կողմից հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժերը կրկնակի նվազեցնել, հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի փոփոխման մասին է խոսքը:

Գործող օրենսգրքով կա նաև կարգավորում, որ եթե 500 հազար դրամից ավելի հարկային պարտավորություն է կատարում տնտեսվարողը, հարկային մարմնի ղեկավարը կարող է արգելանք դնել: Վերջին երկու տարիների ընթացքում, ըստ Մելքումյանի տվյալների, տնտեսվարողների 10 տոկոսը այս արգելանքի տակ է եղել

Պատգամավորն առառաջարկում է այդ շեմը դարձնել 1.5 մլն դրամ: