Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն Տնտեսություն

Գործող իշխանությունն ի վիճակի չէ տնտեսական մարտահրավերն ընկալել լիարժեքորեն․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Տնտեսական բարեփոխումների ընթացքը մեր ձեռքը վերցնելու, տնտեսության կառուցվածքը վերանայելու, ներդրումների պաշտպանության ակտիվ քաղաքականություն իրականացնելու, գույքային շրջանառության մեջ արդյունավետ գնագոյացում ապահովելու, աշխատաեղերի ստեղծման  քաղաքականության փոխարեն կառավարությունը գնաց այլ տարբերակով։  Այսպես է կարծում ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՅԴ մասնագիտական, ոլորտային հանձնախմբերի համակարգող, նախկին նախարար Արծվիկ Մինասյանը։
 
«Ինչքան հնարավոր է՝ վանեց հնարավոր ներդրողների շահագրգռվածությունը, կայացվեցին որոշումներ, որոնք վստահաբար բացասական են անդրադառնալու նաև մեր հետկորոնավիրուսյան Հայաստանի տնտեսության վրա։ Եվ որ ամենավատն է՝ այս ամենը քողարկում են իրենք իրենց վարքագծով, թե «իբր հրաշալի էր ամեն ինչ, քանի դեռ կորոնավիուս չկար»․ դա այդպես չէ»,- ընդգծեց տնտեսագետը։
 
Մինասյանի խոսքերով՝ կառավարությունը բոլոր հնարավոր միջոցները պետք է կիրառեր՝ խնայելու անարդյունավետ ծախսումները, պետական բյուջեն պետք է ծառայի քաղաքացիների սոցիալական առաջնահերթ խնդիրների լուծմանը, աշխատատեղերի ստեղծմանը։
 
Խոսելով «Բանկային գաղտնիքի» և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» նոր օրինագծերի մասին՝ իրավաբանը նշեց, որ տնտեսական առումով սրանք բացասական ազդեցություն են ունենալու։
 
Ըստ նրա՝ «Բանկային գաղտնիքի մասին» նոր օրինագիծը ներդրումների պաշտպանության տեսակետից ամենախոշոր հարվածն է մեր ներդրումային միջավայրին, իսկ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագիծը ծառայելու է ընդամենն անցանկալի անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար։
 
«Հայաստանի գործող իշխանությունն ի վիճակի չէ տնտեսական մարտահրավերն ընկալելու լիարժեքորեն, դրան համարժեք գործել։ Փոքր, նեղ խմբային շահերից ելնելով կամ քրեական գործ հարուցելու խնդրով վերացնել սեփականության իրավունքը, եթե մանավանդ դրա հիմքում չկա օբյեկտիվորեն փաստարկված հանցագործության առկայությունը, բերելու է Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների զրոյացմանը, իսկ առանձին դեպքերում՝ նաև կապիտալի լուրջ արտահոսքին»,- նշեց ՀՅԴ գործիչը։
 
Մանրամասները՝ տեսանյութում։