Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաստաբանի գործունեությանը միջամտելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբ․ առաջարկ (տեսանյութ)

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը վերաբերում է փաստաբանի գործունեությանը միջամտելուն և պատիժ սահմանելուն։

«Առաջարկվում է գործի բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով` փաստաբանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը, այդ թվում՝ փաստաբանին, կապված նրա մասնագիտական գործունեության կամ լիազորությունների իրականացման հետ, սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով»,- նախագծից մեջբերեց հիմնական զեկուցող Անի Սամսոնյանը։

Առաջարկվում է նաև՝ պաշտոնատար անձի կողմից նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով: Նոտարի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:

«Այս նախագիծն առաջարկել ենք այն հիմնավորմամբ, որ վերջին ժամանակներում փաստաբանների գործուենության նկատմամբ ոտնձգություններ են լինում։ Կարծում ենք, որ սա կարող է խոչընդոտել փաստաբանի մասնագիտական աշխատանքին»,- ընդգծեց Անի Սամսոնյանը։

Կառավարությունը որոշ վերապահումներ ունի, առաջարկություններ է արել։ Ըստ Անի Սամսոնյանի՝ այդ առաջարկությունները քննարկվել են Փաստաբանների պալատի հետ, և օրինագիծը լրամշակվել է։