Կառավարության հաշվարկով՝ կարձանագրվի ՀՆԱ-ի 2-2.4 տոկոսի անկում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ արտահերթ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Կառավարության հաշվարկով՝ կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում կարձանագրվի ՀՆԱ-ի 2-2.4 տոկոսի անկում:
Պետական բյուջեի նախագծում առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն չեզոքացնելու այս անկման հետևանքները, ներկայացրեց նախարարը՝ հավելելով, որ հիմքում դրել են 2 տոկոսանոց անկումը:
Փաթեթի արժեքը 150 մլրդ դրամ է, որից 50 մլդ դրամը Կառավարությունը ենթադրաբար կուղղի տնտեսական և սոցիալական խնդիրների լուծման համար, մոտ 80 մլրդ դրամը կուղղվի տնտեսական երկարաժամկետ զարգացման ծրագրերը խթանելուն և 20 մլրդ դրամը պահուստային միջոցներն են՝ վերաբաշխելու ըստ անհրաժեշտության:
Սա իրագործելու համար գործադիրին անհրաժեշտ է ներգրավել 260 մլրդ դրամ պարտքային միջոցներ:
Գործընկեր երկրներում տնտեսական աճը դանդաղում է, և կանխատեսվում է համաշխարհային տնտեսության անկում, ինչը իր ազդեցությունը չի կարող չթողնել ՀՀ տնտեսության վրա, -ասում է Ֆինանսների նախարարը:
Նրա խոսքով՝ առաջիկա տնտեսական անկման գործոն է նաև մետաղների, նավթի համաշխարհային գների անկումը , նաև ռուսական ռուբլու արժեզրկումը․ սրանք, ըստ նախարարի, Հայաստանի համար դիտարկվում են որպես արտաքին ճնշում:
Զբոսաշրջության և մասնավոր տրանսվերների կրճատումը ևս իրենց ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա, համոզված է Ջանջուղազյանը:
Կանխատեսվում է, որ այդ ազդեցությունը կլինի արտահանման կրճատումների, դրամական փոխանցումների ներհոսքի նվազման, ծառայությունների ոլորտի կրճատման տեսքով:
Ներքին սահմանափակումները ևս տնտեսության վրա էական ազդեցություն կթողնեն,-համոզված է նախարարը:
«Նաև ուշադրության արժանի է անորոշության մեծ աստիճանը և դրանով պայմանավորված՝ խնայողությունների աճը, ներդրումների հնարավոր կրճատումը, գործազրկության աճը, ցածր եկամուտները և սպառումների հնարավոր կրճատումը»:
Ատոմ Ջանջուղազյանն ասում է՝ առկա են և՛ առաջարկի, և՛ պահանջարկի շոկեր, տնտեսական անկումն անխուսափելի է, սնանկության ռիսկ ևս կա:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հարց ուղղեց Ֆինանսների նախարարին ԼՀԿ խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի այն առաջարկի վերաբերյալ, թե հնարավո՞ր է Կառավարության ունեցած ազատ 300 մլրդ դրամ միջոցներից 100 մլրդ դրամը բաժանել տարբեր ընտանիքների:
Ի պատասխան Ֆինանսների նախարարն ասաց՝ ենթադրում է, որ խոսքը վերաբերում է գանձապետական միասնական հաշվի մնացորդին:
«Դրանք ազատ միջոցներ չեն, գանձապետական միասնական հաշիվը, որը գանձապետական համակարգի ներդրմանը զուգահեռ՝ 1996 թ.-ց համախմբել է իր մեջ պետությանը և համայնքին պատկանող ֆինանսական միջոցները, հենց դրա համար է նախատեսված, որ շրջանառվեն պետությանը և համայնքներին պատկանող դրամական միջոցները, ինչն ամենևին չի նշանակում, որ դրանք ազատ են»:
Թունյանն էլ ի պատասխան արձագանքեց, որ պետք է ֆիքսել, որ մենք 300 մլրդ դրամ ազատ միջոցներ չունենք․ Ջանջուղազյանը վերահաստատեց: