Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Հասարակություն

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ամերիաբանկը՝ հանուն Հայաստանի երեխաների կրթության շարունակականության ապահովման

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ամերիաբանկը միավորել են իրենց ջանքերը, որպեսզի կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Հայաստանի խոցելի երեխաները շարունակեն կրթություն ստանալ։ Ամերիաբանկ ՓԲԸ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ին նվիրաբերել է 10 մլն ՀՀ դրամ, ինչը հնարավորություն է տվել ՅՈՒՆԻՍԵՖ-ին երեխաների համար գնել 112 պլանշետ՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության տեխնիկական չափորոշիչներին համապատասխան։

«Ուրախ ենք, որ կարողացել ենք նախարարությանը տրամադրել հեռավար դասընթացներին մասնակցելու հնարավորություն չունեցող խոցելի խմբի երեխաների համար նախատեսված 112 պլանշետ։ Գիտենք, որ կարիքը դեռ շատ ավելի մեծ է, և մենք շարունակում ենք ու շարունակելու ենք աշխատել, որպեսզի պաշտպանենք, աջակցենք ու վստահելի տեղեկատվությամբ զինենք երեխաներին»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը։ «Մենք շնորհակալ ենք Ամերիաբանկին՝ մասնավոր հատվածին ուղղված դրամահավաքի մեր կոչին անմիջապես արձագանքելու համար»։

«Կրթությունը տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է ու նրա շարժիչ ուժը։ Ամերիաբանկը, կարևորելով կրթության դերը հասարակության և երկրի տնտեսության զարգացման գործում, սիրով միացել է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի նախաձեռնությանը,-նշել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխայի գիտելիքը մեր ապագան է»։

ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված, ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում ժամանակավորապես փակվել են դպրոցները. երեխաները շարունակում են կրթություն ստանալ այլ միջոցներով, ինչպիսիք են՝ հեռուստատեսությամբ դասերի հեռարձակումը, YouTube-ում դասերի տեղադրումը և/կամ առցանց հեռավար կրթությունը։ Այս օրերին ուսումը հեռավար կազմակերպելը շատ երեխաների և նրանց ընտանիքների համար իսկապես մարտահրավեր է դարձել, քանի որ նրանք ունեն հեռահաղորդակցության միջոցների և/կամ ինտերնետային հասանելիության անհրաժեշտություն։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը» միավորվել են հանուն մեկ նպատակի․ ապահովելու համար երեխաների կրթության անընդհատությունը։

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջաան փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

Ավելի քան 25 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Ավելին՝ www.unicef.am և www.babycef.am կայքերում:

Հետևե՛ք կորոնավիրուսի թեմայով ՅՈՒՆԻՍԵՖ-ի լրահոսին: