Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իմքայլականները «հարցախույզի են ենթարկում» ՄԻՊ-ին (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ԱԺ-ում ՄԻՊ Արման Թաթոյանին հարցախույզի են ենթարկում, թե ինչո՞ւ վերջինս չի արձագանքել ԱԺ փոխխոսնակի հասցեին ընդդիմադիր խմբակցության ղեկավարի կողմից հնչեցված սեռական բնույթի հայհոյանքի փաստին։

Իշխող ուժից նախ Արթուր Հովհաննիսյանը հարցն ուղղեց, ապա նրան միացավ նաև Քրիստինե Պողոսյանը։ Վերջինս նախ նշեց, թե Արման Թաթոյանը խուսափում է հարցերին ուղիղ պատասխանել։ «Հիանում եմ ուղիղ հարցին ուղիղ պատասխանելու Ձեր խուսափելու ունակությունից»,- շեշտեց իմքայլականը, ապա սկսեց դիտարկումներ անել, որ ՄԻՊ-ի գրասենյակը չի անդրադարձել այդ միջադեպին։

«Պատգամավորը ևս մարդ է, և նրա իրավունքները պետք է Դուք պաշտպանեք, անկախ նրանից՝ իշխանական է, թե ընդդիմադիր»,- ասաց Քրիստինե Պողոսյանը։ Իմքայլականի դիտողություներն այսքանով չսահմանափակվեցին, նա նաև անդրադարձավ վերջերս ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեվատ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, թե Մարդու իրավունքների պաշտպանի գրասնեյակը րոպեների արագությամբ հասավ «հայտնի խմբակին», և բայց ՄԻՊ-ին ուղղված զանգից միայն մեկ ժամ անց են գրասենյակից խումբ ուղարկել, մինչդեռ խոսքը ԱԺ փոխխոսնակի մասին էր։

Արման Թաթոյանը նախ ընդգծեց, որ ինքը երբեք չի խուսափում հարցին պատասխանել ուղիղ․ դա իր համար մասնագիտական արժանապատվության հարց է։

«Դուք ասում եք, որ Մարդու իրավունքների պաշտպանը պիտի պաշտպանի մարդու իրավունքները, որովհետև անվանումը այդպես է․ սա տարիների կարծրատիպ է, որովհետև ՄԻՊ-ը պաշտոնատար անձ է, ունի կոնկրետ լիազորությունների շրջանակ, չի կարող դուրս գալ այդ շրջանակից։ Եթե ՄԻՊ-ը դուրս գա այդ շրջանակից, կարող է խախտել օրենքը»,- ընդգծեց նա։ Ապա ՄԻՊ-ը պարզաբանեց, որ Արթուր Դանիելյանի փաստաբանը անհապաղ ահազանգել էր ՄԻՊ-ի գրասնենյակի թեժ գիծ, և այդ պարագայում գրասենյակը պարտավոր է արագ արձագանքման խումբ ուղարկել դեպքի վայր, նաև զուգահեռ աշխատանանքներ են տարվել, որպեսզի Ալեն Սիմոնյանին փնտրեն, որովհետև ըստ պաշտպանի՝ տեսանյութ էր հրապարակվել, որում Ալեն Սիմոնյանին շտապ օգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։

«Մենք անընդհատ փորձում էինք, չէինք կարողանում կապվել, որովհետև վայրը հրապարակված չէր։ Հենց իմացանք, թե որտեղ է, մենք անհապաղ այցելել ենք բժշկական կենտրոն։ Նախապատրաստել ենք գրություններ 2 խնդիրներին վերաբերող և ուղարկել ենք Ոստիկանություն, հիմա սպասում ենք արձագանքին»,- ընդգծեց Արման Թաթոյանը։

Արձագանքելով ՄԻՊ-ին՝ պատգամավորը նշեց, թե ՄԻՊ-ի գրասենյակը խտրական վերաբերմունք է ցուցաբերում։ Արման Թաթոյանը անպատասխան չթողեց։ «Ես իմ նախասիրություններով չեմ առաջնորդվում, այլ օրենքով եմ ղեկավարվում»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։