Ես սպասում եմ՝ Մարուքյանը ասուլիս էլ կտա ու կասի՝ դիմակ չկրելն օգտագործում են, որպեսզի լռեցնեն ընդդիմությանը. Ռուբինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ուզում եմ բողոք բարձրաձայնել: Դուք նախազգուշացում տվեցիք ընդդիմադիր պատգամավորին, մինչդեռ մինչեւ այդ ես ձեզ ասացի, որ սահմանադրությամբ նման հնարավորություն չունեք»,-ԱԺ նիստում այսօր հայտարարարեց ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ԱԺ նախագահին, այն բանից հետո, երբ Արարատ Միրզոյանն ասել էր, որ նիստերի դահլիճում դիմակ չկրողներին նախազգուշացնելու է, իսկ կարիքի դեպքում՝ դահլիճից դուրս է հրավիրելու, և ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին դիմակ չկրելու համար նախազգուշացում հայտարարեց:
Էդմոն Մարուքյանն ակնարկեց, որ ԱԺ նախագահն անաչառ չէ և կիրառում է երկակի ստանդարտներ:
Մարուքյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Եվրոպայի խորհրդում պետք է կորոնավիրուսի հետ կապված զեկույց ներկայացնի.
«Պարոն Վարդանյանը ձայն չի հանում, որ այստեղ հիմա երկակի չափանիշներ են կիրառվում, եւ ոտնահարվում է սահմանադրությունը՝ ԱԺ կանոնակարգ օրենքի սխալ կիրառությամբ: Պարոն Վարդանյան, դուք ինչպե՞ս եք որպես օբյեկտիվ զեկուցող հանդես գալու: Կարծում եմ՝ զեկուցողի պաշտոնում ձեր հաստատվելու հարցը վտանգված է այսուհետ»,-եզրափակեց Մարուքյանը:
Մարուքյանի ելույթին արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը: Պնդեց, որ կորոնավիրուսից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հիշելու են որպես դիմակ չկրելու իրավունքի համար պայքարող անձ.
«Այս պայմաններում, որ օրական կորոնավիրուսով վարակման մոտ 400 դեպք է գրանցվում, օրեցօր ավելանում են կորոնավիրուսից մահացողների թիվը, երբ պարետատունը, կառավարությունը և բոլոր նրանք, ովքեր ունեն լսարան, այս օրերին փորձում են պրոպագանդել, որ մարդիկ կրեն դիմակ, էս մարդը եկել է, ԱԺ-ում կռվում է դիմակ չկրելու իրավունքի համար, սա ուղղակի խայտառակություն է, սա անպատասխանատվության գագաթնակետն է։ Ես նաև սպասում եմ, որ Մարուքյանը ասուլիս էլ կտա ու կասի, որ դիմակ չկրելն օգտագործում են, որպեսզի լռեցնեն ընդդիմությանը»,- ասաց նա: