Սյունիքում անպատժելիության էջը անվերադարձ փակված է.պատգամավորներն անդրադարձան Սյունիքի դեպքերին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգայիին ժողովում հայտարարությունների ժամին պատգամավորները չշրջանցեցին Սյունիքում տեղի ունեցած իրադարձությունները:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը համարում է, որ տեղի ունեցածը փաստում է՝ շատերը չեն հասկացել, որ թավիշը թուլության հետ խառնելը ճիշտ չէ, իշխանությունը հազար անգամ է հորդորել.
«Տեղը բերեք այս պետությունը, այս պետությունը իր գոյության ողջ ընթացքում այսուհետ չպետք է հանդուրժի բդեշխություն, առավել ևս մի մարզում, որտեղ մենք տարիներ շարունակ ունեցել ենք քրեաօլիգարխիկ մասնակցություն»:
Իշխանական խմբակցությունից մեկ այլ պատգամավոր՝ Տիգրան Կարապետյանը հայտարարեց՝ Սյունիքում անպատժելիության էջը անվերադարձ փակված է:
Նրա պնդմամբ՝ մամուլում տարածված տեղեկություններից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե պետությունն իր ողջ ռեպրեսիվ մեխանիզմով հարձակվել է մարդկանց վրա, ձերբակալություններ են, ճնշումներ են և այլն:
«Իմ գործընկեր պարոն Ենգիբարյանը շատ լավ ներկայացրեց, թե ինչ է կատարվում: Այս երկու տարիների ընթացքում, ցավոք սրտի, դեռ չենք ազատվել այն իներցիայից և բազմաթիվ անելիքներ ունենք: Սյունիքում տեղի է ունեցել հանցագործություն և տեղի են ունեցել ձերբակալություններ»:
Կարապետյանը պնդեց՝ նշանակություն չունի, թե տվյալ անձը ինչ կարողության է տիրապետում, ինչ՝ գլխի չափ ունի, ով է կանգնած իր հետևում` բոլորը ենթարկվելու են պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ:
Բռնությունների մասով ասաց, որ նշանակված է ծառայողական քննություն: Հորդորեց սյունեցիներին չտրվել ինչ-որ խմբավորումների սադրանքներին և առաջնորդվել սեփական կարծիքն արտահայտելու ազատ իրավունքով:
Դեպքին անդրադարձավ նաև ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Նրա խոսքով՝ ՀՀ-ն երկար ճանապարհ է անցել մինչև որ բացառել է իրավապահ համակարգում բռնությունը, ծեծը և խոշտանգումը:
«Այն, ինչ կատարվում է վերջին զարգացումներում, մենք մտավախություններ ունենք, որ կվերադառնանք նորից հին տաշտակին»:
Պատգամավորը կարևորեց ոստիկանական համակարգում բարեփոխումների, ինչպես նաև համերաշխության անհրաժեշտությունը:
«Եթե օրինակ՝ իշխանական պատգամավորները կարող են ընդդիմադիր պատգամավորին նիստերի դահլիճում հարվածել կողքից, հետևից, ապա ինչո՞ւ չէ՝ ոստիկանությունում էլ կարող են բերման ենթարկված քաղաքացուն հարվածել»:
Սամսոնյանը ոստիկանությանը հորդորեց չտրվել երկրում, իր խոսքով, լեգիտիմացված բռնության երևույթին: