Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նախորդ տարիների համեմատ ավելացել է սպանությունների թիվը․ Գլխավոր դատախազ (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր  Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազության 2019 թվականի տարեկան հաղորդումը:

Դավթյանի հաղորդմամբ՝ 2019-ին մեր երկրում արձանագրվել է հանցագործության 26850 դեպք, ինչը 2018-ի համեմատ ավել է 8.8 տոկոսով: 

Լատենտային հանցագործությունների պարագայում թվի ավելացմանը նպաստել է քաղաքացիների կողմից իրավապահ համակարգի հետ համգործակցության գործոնը,-վստահեցրեց դատախազը:

Նրա խոսքով՝ ոստիկանության կողմից հետքերը թաքցնելու արատավոր պրակտիկան ևս նվազել է: 

Հանցագործությունների ավելացմանը զուգահեռ ավելացել է հատկապես սեփականության դեմ հանցագործությունների թիվը, փոխարենը՝ նվազել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը՝ ավելի քան 13 տոկոսով:

Նախորդ տարիների համեմատ ավելացել է սպանությունների թիվը՝ 34 տոկոսով,-արձնագրեց Արթուր Դավթյանը: 

Դատախազության առաջնահերթությունների թվում շարունակում է մնալ կոռուպցիայի դեմ անվերապահ պայքարը,-ասում է Արթուր Դավթյանն ու հավելում, որ վարույթում քննվող կոռուպցիոն գործերի քանակը 2018-ին ավելացել է 26.6 տոկոսով, դատարան ուղարկված կոռուպցիոն բնույթի գործերի թիվը շուրջ 60 տոկոսով ավելացել է:

«Կոռուպցիոն բնույթի հանցանք կատարած և ազատազրկման ձևով պատժի դատապարտված անձանց թիվը նախորդ տարվա համեմատ ավելի է եղել 120 տոկոսով»:

Քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով  հանցագործությունների արդյունքում բացահայտվել է պետությանը կամ համայնքներին պատճառված մոտ 105.7 մլրդ դրամ վնաս, տարվա ընթացքում պետությանը վերականգնվել է 12.4 մլրդ դրամի վնաս:

Դավթյանը նաև նշեց, որ 2019-ին զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը 47 %-ով նվազել են:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը  Դավթյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ վիճակագրություն կա ՏԻՄ-երի ղեկավարների նկատմամբ քրեական գործերի մասով, դրանցից քանի՞սն են քննվում, քանի՞սն են ավարտվել:

Ի պատասխան Դավթյանն արձագանքեց, որ կան ինչպես քրեական հետապնդման ենթարկվող, այնպես էլ դատի տրված ՏԻՄ ներկայացուցիչներ.

«Մենք այսօր ունենք այնպիսի անընդունելի պրակտիկա, երբ քրեական հետապնդման ենթարկված ՏԻՄ ղեկավարները կամ ներկայացուցիչները շարունակում են պաշտոնավարել, բայց այստեղ խնդիրը օրենսդրական է», - նշեց ՀՀ գլխավոր դատախազը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն էլ հետաքրքրվեց՝ ո՞ր փուլում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման ինստիտուտի ձևավորումը,  Դավթյանը հայտնեց, որ համապատասխան ստորաբաժանման դատախազների և ոլորտը համակարգող տեղակալի ընտրության համար հանձնաժողովը ձևավորված է, մրցույթները հայտարարված են և առավելագույնը սեպտեմբերից այս ինստիտուտը կսկսի գործել: