Բացել լրահոսը Փակել լրահոսը
գոռ աբրահամյան
A A
Պաշտոնական

Պարոն Խաչատրյանը, հավանաբար, մոռանում է, որ գործ ունի իրավապահ մարմնի հետ․ Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է «Սոցիալական շարժում» նախաձեռնության անդամ, պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանի հայտարարությանը։

«Քաղաքացի Ցոլակ Խաչատրյանը երեկ ասուլիսի ընթացքում անդրադառնալով ի պատասխան խորհրդարանում ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցադրումների՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պատասխանին, բարձրագոչ հայտարարություններ էր արել, իբր, ԱԺ ամբիոնից ՀՀ գլխավոր դատախազի կողմից իր հարցի կապակցությամբ աննճշտություններ հայտնելու վերաբերյալ: Իբր՝ իր բարձրացրած հացրերի կապակցությամբ իրեն ոչ միայն ՀՀ գլխավոր դատախազությունում, այլ նաև դատախազության որևէ ստորաբաժանումում չեն ընդունել և իր բարձրացրած հարցերի, ՀՀ ՊՆ-ին առնչվող ներկայացրած հանցագործության մասին հաղոդումների կապակցությամբ որևէ պարզաբանում չի տրվել:

Ստի ոտքը, ասում են, կարճ է: Տվյալ դեպքում, սակայն, կարճ է երկու ոտքից:

Իհարկե, չեմ նշի Ցոլակ Խաչատրյանի հետ դեռևս 2018թ.-ից սկսված ողջ գրագրության մասին: Ընդամենը ներկայացնեմ երկու փաստ:

Նախ՝ Ցոլակ Խաչատրյանին ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնում ընդունել են 2020թ. մարտի 2-ին, որի ընթացքում վերջինս ցանկացել է ներկայացնել հաղորդում հանցագործության վերաբերյալ: Այդ կապակցությամբ կազմվել է բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրություն:

Նրա կողմից տրված դիմումը քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում, և մարտին 5-ին նրան տրվել է գրավոր պարզաբանում:

Ցոլակ Խաչատրյանն իր վերաբերյալ դատական ակտը ՀՀ ՊՆ-ի կողմից չկատարվելու կապակցությամբ ևս մեկ հանցագործության մասին հաղորդում ՀՀ գլխավոր դատախազություն էլեկտրոնային եղանակով ներկայացրել է այս տարվա մայիսի 21-ին, այսինքն ընդամենը 10 օր առաջ: Այդ հաղորդումը սահմանված կարգով ուղարկվել է Երևան քաղաքի դատախազության քննարկմանը, ինչի պատճեն ուղարկվել է Ցոլակ Խաչատրյանին: Այսինքն այն պնդումները, թե իրեն այդ հաղորդման համատեքստում որևէ տեղեկատվություն չի տրամադրվել, մեղմ ասած, ևս իրականությանը չի համապատասխանում:

Կոնկրետ այս հաղորդման շրջանակում նա դատախազությունում անձնական ընդունելության չի արժանացել մի պարզ պատճառով. պարզապես կորոնավիրուսային վարակով պայմանավորված՝ նման ընդունելությունները ժամանակավորապես դադարեցված են, ինչի մասին ՀՀ դատախազությունը նաև հանդես է եկել հայտարարությամբ:

Ավելին. պարոն Խաչատրյանը մոռացել է, որ իր չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցման պահանջների համատեքստում, դեռևս 2018թ. մայիսի 31-ին նրան անձամբ ընդունել է ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը՝ ընդ որում հենց վերջինիս նախաձեռնությամբ, ինչը ևս սահմանված կարգով արձանագրված է ընդունելությունների գրանցամատյանում:

Դրանից հետո Զինվորական դատախազության կողմից դեռևս 2018թ. հունիսի 1-ին կայացվել է Ցոլակ Խաչատրյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին որոշում, և նախաքննության արդյունքներով հետագայում կայացվել է քրեական գործի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով և խնդրի՝ քաղաքացիաիրավական բնույթ ունենալու պատճառաբանությամբ կարճելու որոշում: Այսինքն բարձրացված հարցին ժամանակին քրեաիրավական տեսանկյունից տրվել է գնահատական: Հատուկ ուզում եմ ընդգծել, որ վարույթը կարճելու մասին այդ որոշումը Ցոկալ Խաչատրյանի կողմից չի բողոքարկվել:

Պարոն Խաչատրյանը, հավանաբար, մոռանում է, որ գործ ունի պետական մարմնի, առավելևս իրավապահ մարմնի հետ, որտեղ ամեն ինչ արձանագրվում է, ձևակերպում ստանում նաև դատավարական որոշումներով: Հետևաբար որքան անիմաստ, նույնքան էլ ծիծաղելի են նման միջոցներով մեկ բաժակ ջրում փոթորի առաջացնելու այսպիսի անհեթեթ փորձերը»:

Հիշեցնենք, որ Ց․ Խաչատրյանը,  «Ա1+»-ի հետ զրույցում, խոսելով Գլխավոր դատախազի հայտարարությունից, նշել էր, որ «Արթուր Դավթյանը օրենսդիր իշխանության ներկայացուցիչներին, ինչպես նաև ողջ հանրությանը ստում է»։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի գրառմանն անդրադարձել է պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանը։ «Ես ՝ Ցոլակ Էդուարդի Խաչատրյանս, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ թիվ 12/12/3142-20 05.03.2020թ. գրությունը երբևիցե չեմ ստացել և չեմ էլ տեսել։ Իսկ անձնական ընդունելություն իմ մասով չի եղել։

Նշեմ ավելին, այն թղթերը, որոնք Գոռ Աբրահամյանն հրապարակել էր իր նյութի ստորև մասում, առհասարակ առնչություն չունեն իմ կողմից ՀՀ գլխավոր դատախազին 21.05.2020թ-ին առցանց ներկայացված հանցագործության մասին հաղորդման հետ», - նշել է նա։