«Զարհուրելի բան է պատահել՝ ֆեյսբուքում հայտնվել են կորոնավիրուսից մահացածների անունները».Բաբաջանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի ամբիոնից մինչ իր հեղինակած օրենքի նախագծին անցնելը ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կորոնավիրուսից մահացածների անունների արտահոսքը համարեց զարհուրելի և անթույլատրելի:
Բաբաջանյանը ներողություն խնդրեց մահացածների հարազատներից:
Պնդեց՝ գործուն քայլեր պետք է ձեռնարկեն համավարակի դեմ պայքարի առնչությամբ տեղի ունեցող տեղեկատվական գրոհը զսպելու համար:
Մեկ այլ, արդեն սեփական նախագծին առնչվող թեմայով Բաբաջանյանը հայտնեց՝ Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանի դեմ կաշառքի գործով հարուցված քրեական գործը կասեցվել է, որովհետև նրա գտնվեու վայրը հայտնի չէ:
Սա խոսում է այն մասին, թե ինչքան աշխատանք կա դատական համակարգում կատարելու,-համոզմունք հայտնեց Բաբաջանյանը:
Անկախ պատգամավորը հեղինակել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Նախագիծը առնչվում է դատավորների մասնագիտական կրթության կարգին:
Ըստ նախագծի՝ գիտական հարթությունում փորձառու իրավաբանների՝ որպես դատավորներ ներգրավման նպատակի համար կարող է բավարար լինել գիտական աստիճան ունենալը եւ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած լինելը, իսկ գործնական հարթությունում՝ առնվազն հինգ տարվա մասնագիտական փորձառությունը, որը ներառում է նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ հետբուհական կամ լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնող այլ կազմակերպությունում դասավանդման ժամանակահատվածը: