«Մեյմանդարի» շուկայում մեքենա շրջած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊարետի որոշման համաձայն՝ հունիսի 2-ից 1 օրով պետք է դադարեցվեր Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում գործող «Մեյմանդարի» շուկայի գործունեությունը՝ տարածքը ախտահանելու համար։
Պարետի որոշումը ի կատար ածելու նպատակով շուկա էին այցելել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողներն ու սննդի անվտանգության տեսչության աշխատակիցները։
Շուկայում գյուղմթերքի առուվաճառքով զբաղվող անձինք հրաժարվել են կատարել Պարետի որոշումը և շուկայի մուտքերից մեկի մոտ կայանված մեքենան գլխիվայր շրջել են։ Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որը փոխանցվել է Վաղարշապատի քննչական բաժին։
Նախաքննության շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները հայտնաբերել և բերման են ենթարկել միջադեպին մասնակցած անձանց, կան ձերբակալվածներ։
Այս պահին շուկայի գործունեությունը 24 ժամով դադարեցված է և կատարվում են սանմաքրման աշխատանքներ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ` միջադեպի հանգամանքները պարզելու, ինչպես և հնարավոր այլ մասնակիցների հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։