Ձեզ պահեք Սերժի ժամանակների պետականամետության կոնցեպտի ներքո․ պատգամավորը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում իշխանական խմբակցության անդամները ընդդիմադիրներին մեղադրում են համավարակը քաղաքական շահարկումների առիթ դարձնելու համար:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հորդորեց չօգտագործել համավարակը շահարկելու համար այլ թաքնված քաղաքական հոսանքներ: Պնդեց, որ պատասխանատվությունից չեն խուսափում, բայց առանց ներհասարակական լայն մոբիլիզացիայի, առանց յուրաքանչյուրի անհատական ջանքի չենք կարող հաղթահարել համավարակը:
Պատգամավորը հիշեցրեց 2000-ական թվականներին Հայաստանի քաղաքական լեքսիկոն մտցված բառի մասին՝ պետականամետ.
«Հիշո՞ւմ եք, այն ժամանակ այդ բառը մտցվեց մի պարզ պատճառով, որ ինչ էլ աներ իշխանությունը՝ թալաներ, ընտրություն կեղծեր, ընտրատեղամասում եւ փողոցում ծեծուջարդ աներ, հետո ասեր՝ ժողովուրդ ջան, եկեք մեզ պահենք պետականամետ: Պետությունն իրենք նույնացնում էին իշխանության հետ՝ իրենց բոլոր հանցագործություններն ու թալանը ծածկելու համար»:
Ստեղծված իրավիճակում Եղոյանը դիմեց ընդդիմադիրներին.
«Եկեք պատկերացնենք, որ մի 5 տարի առաջ ենք խոսում, պատկերացնենք, որ Սերժի ժամանակներն է, ու խնդրում եմ ձեզ պահեք Սերժ ժամանակների պետականամետության հասկացության կամ կոնցեպտի ներքո»:
«Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Գևորգ Պապոյանը Ազգային ժողովի ամբիոնից հիշեցրեց վարչապետի՝ առավոտյան ուղիղ եթերում ասված խոսքերը, և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին մեղադրեց վարչապետի ուղիղ եթերի իմաստը խեղաթյուրելու մեջ:
Ընդդիմությանը քաղաքական դիվիդենտներ շահելու մեջ մեղադրեց նաև իշխանական խմբակցությունից Արփի Դավոյանը:
«Անազնիվ է այս ամբիոնից ասել մի բան, որը իրականում չի ասվել»,-դեմելով Զոհրաբյանին՝ հայտարարեց պատգամավորը:
Դավոյանը նաև վստահեցրեց, որ որևէ մեկը պատասխանատվությունից չի խուսափում, մինդեռ գործընկերները ԱԺ ամբիոնից գոռալով փորձում են իրենց ցասումը թափել դահլիճի վրա և անհասկանալի մտքեր են արտահայտում՝ ըստ պատգամավորի:
Նրա խոսքով՝ ընդիմադիր գործընկերներից երբեք չի լսել պարտադիր դիմակ կրելու կամ պատասխանատու վարք դրսեւորելու կոչեր.
«Մենք պետք է հոգատար եւ ուշադիր լինենք բոլոր քաղաքացիների նկատմամբ, ում հետ շփվում ենք, սակայն ես չեմ լսել նման բան, որեւէ մեկից։ Միայն լսել եմ այս դահլիճում դիմակ կրելու հետ կապված երկխոսություն, որ արժե՞ դիմակ կրել, չարժե, ԱՀԿ–ն ի՞նչ է ասում, Արսեն Թորոսյանն ի՞նչ է ասում, երբեք կոնստուկտիվ խոսակցություն չի եղել»։
Ընդդիմադիրներին արձագանքեց ԲՀԿ-ից Արման Աբովյանը, իշխանական պատգամավորների ելույթներից զարմացավ և արձնագրեց, թե Նաիրա Զոհրաբյանը ասել է այն, ինչ կա ընդհանուր կոնտեքստում:
«Տիկին Զոհրաբյանի դիրքորոշումը ընդհանուր կոնտեքստի մեջ լիովին ճիշտ է, որովհետև իրավիճակը ծանր է»:
Աբովյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կրում է իշխանությունը:
Հիշեցնենք՝ Զոհրաբյանը, դիմելով իշխանությանը, հորդորել էր պատասխանատվությունը քաղաքացիների վրա չթողնել և «սպեցնազ» դուրս բերելու ակնարկներից զատ՝ հիշել սեփական գործողությունները: