Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

7 տարեկանից մինչև անսահմանություն

Մշակույթ

50 -անց Գարեգին Բաբայանը սիրով ու անհամբերությամբ է սպասում չորեքշաբթի օրերին` հաճախելու ազգային պարերի դասընթացին, որն անցկացվում է «Կենաց տուն» մշակութային կենտրոնում:

7 տարեկանից մինչև անսահմանություն. այս տարիքային «սահմանափակումն» է գործում մշակութային կենտրոն հաճախող կարպետագործների, ասեղնագործների, խեցեգործների ու ազգային պարով հետաքրքրվողների համար:

Չորեքշաբթի օրերին ուղիղ 16:30-ին, պարի սիրահարները կանոնավոր շրջան են կազմում ու ազգային երգի հնչյունների ներքո փայտե հատակին սկսում են դոփել ոտքերը:

Պարը սովորեցնում է «Կարին» ազգագրական համույթի ներկայացուցիչ Հովհաննեսը:

Կենտրոնի պատերին եկեղեցիների ու հուշարձանների լուսանկարներ են: Դրանց պատմությանն ավելի մանրամասն «Կենաց տան» անդամները ծանոթանում են հենց տեղում` մասնակցելով տարբեր արշավների: Ի դեպ, ամեն հինգշաբթի կենտրոնում հյուրընկալվող մշակույթի ու արվեստի ներկայացուցիչները հետաքրքիր դասախոսություններ են կարդում մշակույթի գանձերի մասին:

Արդեն երեք տարի գործող կենտրոնում 50-ից ավելի մշտական անդամներ ունի: Սակայն քիչ չեն նաեւ ժամանակ առ ժամանակ այցելողները: Կենտրոնին կարող է անդամակցել ցանկացած ոք:
«Մենք մեր մասին մտածում ենք օտարի պես: Մեր ազգային դիմագիծը խեղվել և վերածվել է այլակերպ դիմագծի: Մենք ցանկանում ենք ցուցահանդեսների միջոցով ներկայացնել այն, ինչ վերաբերում է հային, հայ ազգին ու հայ մշակույթին, ընդ որում` ոչ միայն Հայաստանում, այլեւ` Հայաստանից դուրս»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Լալա Մնեյանը: