ԼՀԿ-ն՝ որպես ուժ, որը հայտ է ներկայացնում դառնալ հաջորդ իշխանություն, սկսելու է համախմբման գործընթաց․ Անի Սամսոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրտակարգ դրության երկարաձգման հայտարարությունները ցուցանիշ են այն բանի, որ Կառավարությունը տապալել է համավարակի դեմ պայքարը,- «Ա1+»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամոսոնյանը անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե արտակարգ դրությունը կարող է ևս մեկ ամսով երկարաձգվել։
Սամսոնյանի համար անհասկանալի է արտակարգ դրության իրավական ռեժիմի պահպանումը, քանի որ տնտեսական գործունեության տեսակաները արդեն բացված են։
«Մենք կարո՞ղ ենք ասել, որ Կառավարությունը մտահոգություն ունի, որ մարդիկ դուրս կգան փողոց, որովհետև դժգոհ են իրենցից, այո, կարող ենք, և արտակարգ դրությունը լավ առիթ է, որպեսզի սահմանափակվեն այդ հավաքները»։
Ինչ վերաբերում է Կառավարության հրաժարականի վերաբերյալ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հայտարարություններին, Սամսոնյանն ասում է՝ իշխանությունը կանչվելու է պատասխանատվության այս ամիսների ընթացքում իր գործողությունների հետևանքների համար, բայց քանի որ հիմա արտակարգ դրության ռեժիմում ենք և խնդիր ունենք համավարակը հաղթահարելու, Կառավարությունը պետք է կատարի իր աշխատանքը․
«Այն քաոսը, այն շիլաշփոթը, որը ստեղծել է իշխանությունը, համավարակի հետ կապված, պիտի կարգավորի, երբ կկարգավորի, համավարակը կհաղթահարվի, այն ժամանակ իրենք անպայման կանչվելու են պատասխանատվության, բայց հիմա գործողություններ ձեռնարկելը ճիշտ չէ»։
Սամսոնյանի խոսքով՝ ԼՀԿ ն՝ որպես ուժ, որը հայտ է ներկայացնում դառնալ հաջորդ իշխանություն, արտակարգ դրության ավարտից հետո սկսելու է համախմբման գործընթաց․
«Այն քաղաքական ուժերը, այն անհատները , որոնք ներուժ ունեն այսօր, բայց անարդարացիորեն օտարված են հանրային կառավարման ոլորտից, մենք կհամախմբենք այդ մարդկանց և հետագա մեր քայլերը ընթացքում կհայտնենք»։
Սամսոնյանը դեռևս անուններ չնշեց, թե ում հետ են համախմբվելու։
Ինչ վերաբերում է ուժային կառույցների ղեկավարների փոփոխությանը, պնդեց, թե սա Կառավարության ձախողված կադրային քաղաքականության հետևանք է․
«Ով էլ գա, չի կարողանալու աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ, նա անհանդուրժողական է այլակարծության, առաջարկների գաղափարների հանդեպ»։