Նիկոլ Փաշինյանը՝ ԲՀԿ և ԼՀԿ քննադատական հայտարարությունների մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը, օրինակ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, ՌԴ-ն, Շվեդիան, Գերմանիան և շատ այլ զարգացած ու գերզարգացած երկրներ: Պատասխանելով լրագրողի հարցին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե ՀՀ կառավարությունը պարտվել է կորոնավիրուսի դեմ պայքարում, ուրեմն կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է մարդկությունն ընդհանրապես, քաղաքակրթությունն ընդհանրապես: Այո, ՀՀ կառավարությունն ունի պրոբլեմներ կորոնավիրուսի դեմ պայքարում, որքան ունեն պրոբլեմներ իմ նշած աշխարհի բազմաթիվ երկրներ, ճիշտ այնքան պրոբլեմներ, որքան ամբողջ մարդկությունը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հրավիրած ճեպազրույցում անդրադարձավ նաեի հարցին, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ համաճարակի դեմ պայքարը կառավարությունը ձախողել է, իսկ ԲՀԿ ղեկավարն ասել է, որ կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխել։ Ըստ նրա՝ համավարակի հաղթարահումից հետո, նույնիսկ դրանից առաջ մենք քննության պետք է առնենք շատ քաղաքական ուժերի պահվածքը համավարակի շրջանում։
«Եվ պետք է քննենք ու հանրայնորեն գնահատական տանք, թե նրանց գործողություններն ինչքանով են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանը և ընդհակառակը, ինչքանով են նպաստել համավարակի տարածմանը։ Կարծում եմ՝ իմաստ կունենա որոշակի քննություն ծավալել՝ հասկանալու համար, թե որոշակի քաղաքական շրջանակներ արդյոք կապ ունեն, թե կապ չունեն կեղծ լուրերի տարածման հետ։ Ես ասել եմ՝ ինձ համար այդ տրամաբանությունն ընդունելի չէ, բայց հիմա, քանի որ շատ է օգտագործվում պատերազմական տրամաբանությունը՝ զուգահեռ անցկացնելով այս իրավիճակի հետ, կրկին ուզում եմ ասել, որ ցանկացած պատերազմի ժամանակ քայքայիչ գործունեություն ծավալող անձինք և ուժերն արժանանում են համապատասխան գնահատականի։ Եվ որևէ մեկը թող չկասկածի, որ այն ուժերը, որոնց քայքայիչ գործունեություն ծավալելը կլինի ապացուցելի, այդ ուժերը արժանանալու են շատ կոնկրետ և համաժողովրդական գնահատականի»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է․ «Նրանք իրենց համար վիրուսային այս միջավայրում տեսնում են վերածնվելու հնարավորություն։ Շատ կարևոր է գնահատել այդ վերածննդի բովանդակությունը։ Եվ շատ կարևոր է, թե ովքեր են, որ վատ են զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում, և ովքեր են, որ լավ են զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում։ Ես կարող եմ հստակ արձանագրել, որ ՀՀ կառավարությունն ու Հայաստանի ժողովուրդն այնքան էլ լավ չեն զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում»։