Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գլխավոր դատախազը ներկայացրեց Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը (տեսանյութ)

Ազգային ժողովում ելույթով հանդես եկավ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը բերել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար և համանուն կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդագիրը։

«Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցելու, պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափով կաշառք տալու, կաշառ ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքը ծառայողական շահերին օգագործելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկաայցուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դիմաց 2019 թվականին ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների կայացմանը»,- նշեց Դավթյանը։

Ըստ Դավթյանի՝ «Երևանշին» ՍՊԸ գրասենյակը խուզարկելուց հետո հայտանբերվել են «Հաշվետվություն» վերտառությամբ փաստաթղթեր Գեղարքունիքի մարզում 2017 թվականին ԱԺ ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, որը ներառված է «Ծառուկյան» դաշինքի մեջ, նախընտրական միջոցառումների, դրանց ծախսերի, ներառյալ ընտրողներին կաշառք բաժանելու վերաբերյալ։

Գլխավոր դատախազը նաև ընթերցեց ենթադրյալ փաստաթղթից որոշ տվյալներ։ 

«Գեղարքունի մարզ ընտրատարածք համար 8, 19/20,21 ընտրական տարածք, 01․02․2017-ից մինչև 30․03․2017 թվականին ընկած ժամանակահատվածի հաշվետվություն։ 15 հազար ընտրողի համար վերտառությամբ փաստաթղթում տպագրված է ԲՀԿ գրասենյակից Ա․Մանուկյանից ստացել եմ 35 միլիոն դրամ, ԲՀԿ գրասենյակից Առուստամյանից ստացել եմ 36 միլիոն դրամ, Ծառուկյանի հանձնարարությամբ Վարդենիսից Աբրահամյանին 4 միլիոն 600 հազար դրամ»,- ընթերցեց Գլխավոր դատախազը։

Ըստ Արթուր Դավթյանի՝ նախաքննության մարմնի կողմից 2020 թվականի հունիսի 10-ին որոշում է կայացվել ընտրողների կաշառք տալու դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 154․2 հոդվածի 2-րդ մասով նոր քրեական գործ հարուցելու և առանձին վարույթում առնաձնացնելու մասին։

«Երևանշին» ՍՊԸ տնօրենը, ըստ դատախազի, ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թվականին Ծառուկյանն իրեն հրավիրել է և առաջարկել ընտրություններին մասնակցել 9 հազար ձայն ապահովելու պայմանով։

Մանրամասները՝ տեսանյութում